Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը «ոչ մի դեպքում չի գործել միջազգային իրավունքի շրջանակից դուրս»՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման պատասխանատվությունը դնելով ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, հաղորդում է Mehr-ը։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հեռախոսազրույցում Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը երբեք չի ձգտել տարածաշրջանի ապակայունացմանը և հետևողականորեն հանդես է եկել հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման օգտին։
«Իրանը ոչ մի դեպքում չի գործել միջազգային իրավունքի շրջանակից դուրս։ Մենք երբեք չենք ձգտել տարածաշրջանում լարվածություն և անկարգություններ ստեղծել և միշտ աշխատել ենք մեր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ», – հայտարարել է Փեզեշքիանը։
Նա ընդգծել է, որ հենց ԱՄՆ-ն ու Իսրայելն են խախտել խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում։ Իրանի նախագահն այդ երկրներին մեղադրել է երկրի գերագույն առաջնորդի սպանության, տասնյակ խաղաղ բնակիչների, նրանց թվում՝ Մինաբում դպրոցականների մահվան, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մեջ։
Ճապոնիայի վարչապետն, իր հերթին, հայտարարել է, որ Տոկիոն հանդես է գալիս հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։ Տակաիչին ողջունել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության հարցով բանակցությունների առաջընթացը և հույս հայտնել դրա լիարժեք աշխատանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ։
Ճապոնիայի կառավարության ղեկավարը միաժամանակ Թեհրանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում լարվածության հետագա աճը կանխելու համար։
Փեզեշքիանը և Տակաիչին ընդգծել են երկխոսությունը շարունակելու և Իրանի ու Ճապոնիայի միջև պատմական կապերը զարգացնելու պատրաստակամությունը։