Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ

Տարվա սկզբից Հարավային Կորեայում անոմալ շոգի հետ կապված հիվանդություններից մահացել է 21 մարդ, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական գործակալությանը (KDCA):

Մայիսի կեսերից, երբ երկրում սկսեց գործել շոգի հետևանքների մոնիտորինգի համակարգը, շտապօգնության բաժանմունքներ է դիմել ջերմային հիվանդություններից տառապող 2441 մարդ:

Թեև նման բուժառուների թիվն ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացությունն արդեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. այն ժամանակ շոգը 20 մարդու կյանք էր խլել:

Վերջին զոհերից մեկը Հյուսիսային Չհունչհոն նահանգի Ըմսոն գավառում 60-ամյա մի տղամարդ էր, որը երեքշաբթի աշխատում էր դաշտում։

Տուժածների շրջանում ամենատարածված ախտորոշումը ջերմային հյուծումն է եղել, որին բաժին է ընկել դեպքերի 61,7%-ը: Բուժառուների ևս 16,8%-ը ենթարկվել է ջերմային հարվածի, իսկ 11,5%-ը՝ ջերմային ցնցումների։

Միաժամանակ, Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը շոգի պատճառով նախազգուշացման առավելագույն մակարդակ է հայտարարել մայրաքաղաքային տարածաշրջանի ևս մի շարք շրջանների համար: Ներկայում վտանգի ամենաբարձր մակարդակի տակ է այդ տարածքի մոտ 43%-ը:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հինգշաբթի Սեուլում օդի ջերմաստիճանը հնարավոր է հասնի +39 աստիճանի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *