2027 թվականի մարտի 2-ից Ֆինլանդիայի քաղաքացիության 18-65 տարեկան հավակնորդները պետք է հանձնեն հատուկ քննություն՝ ֆիննական հասարակության մասին իրենց գիտելիքները ստուգելու համար, հաղորդել է Yle-ն՝ հղում կատարելով երկրի Միգրացիոն ծառայությանը։
Նոր պահանջը կտարածվի բոլոր նրանց վրա, ովքեր քաղաքացիության դիմում կներկայացնեն 2027 թվականի մարտի 2-ից սկսած։ Նրանք, ովքեր կհասցնեն փաստաթղթերը ներկայացնել մինչև այդ օրը, քննություն հանձնելու կարիք չեն ունենա։
Թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային ձևաչափով՝ ֆիններեն կամ շվեդերեն լեզուներով։ Հարցերը կվերաբերեն ֆիննական հասարակության կառուցվածքին և դրա հիմնական սկզբունքներին, օրենսդրությանը, մարդու իրավունքներին, հավասարությանը, ինչպես նաև երկրի պատմությանն ու մշակույթին։
Ինչպես նշել է Yle-ն, քննությունը պետք է ցույց տա, թե որքանով է հավակնորդը ծանոթ Ֆինլանդիայի կյանքի կանոններին ու սկզբունքներին։
Թեստի մշակմամբ կզբաղվի Հելսինկիի համալսարանը, որը հաղթել է Միգրացիոն ծառայության մրցույթում։ Քննության և ուսումնական նյութերի ստեղծման համար հատկացվել է շուրջ 800 հազար եվրո։ Համալսարանը նաև պատասխանատու կլինի թեստավորման զարգացման համար առաջիկա չորս տարիների ընթացքում։
Քննությունից կազատվեն նրանք, ովքեր ավարտել են լիցեյ կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ֆիններեն կամ շվեդերեն լեզուներով։