
Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի որդին՝ Արգիշտի Դարբինյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր է դարձել: Երեկ մենք մի քանի հարց ուղղեցինք Դարբինյանին։
– Մի քանի օր է՝ 9-րդ գումարման խորհրդարանը մեկնարկել է աշխատանքը, բայց հանրության քաղաքականապես ակտիվ շրջանակները հատկապես ձեր ֆրակցիայի պատգամավորներին սկսել են մեղադրել խիստ կառուցողական պահվածքի, պարզունակ հարցերի համար։ Ինչո՞ւ ձեր պատգամավորները սուր ելույթներ, հարցեր չեն հնչեցնում։
– Ճիշտն ասած, տարօրինակ է, որովհետեւ պառլամենտական աշխատանքները դեռ չեն սկսվել, մենք դեռ ընտրության փուլում ենք, մարտավարական առումով դեռ շատ շուտ է, որ հանրությունն ինչ-որ բան ասի, եզրահանգումներ անի, բայց նաեւ դա չի նշանակում, որ ես համաձայն եմ այդ դիրքորոշման հետ կամ համաձայն չեմ։
– Հիմա համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք, գոնե մեկնարկի համար ընդունո՞ւմ եք, որ ռադիկալ դիրքերից հանդես չեք գալիս եւ այս առումով բան չունեք հանրությանն ասելու։
– Ես ասում եմ` քանի որ նոր ենք, խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, ուստի զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց։
– Փոխարենը ՔՊ-ականներն են ձեզ անընդհատ քննադատում, ընտրակաշառքի մեջ են մեղադրում, մանկապարտեզներ սեփականաշնորհելու համար: Նրանց ելույթներում նաեւ անձամբ Ձեզ ուղղված ակնարկ կար, թե այստեղ ձեր շարքերում նախկին ՀՀԿ-ականի որդի է նստած, իսկ Ձեր հոր նկատմամբ քրեական վարույթներ կան, գուցե այդ փաստի՞ց եք Դուք անձամբ կաշկանդված։ Ի՞նչ է փոխելու, ասենք, ԱԺ-ի լիակատար ձեւավորումը Ձեր ելույթներում։
– Գիտեք` մարդու անցած ուղին չի կարող կաշկանդել իրեն, ցանկացած մարդ, որ ունի կենսագրություն եւ աշխատել է ինչ-որ համակարգում, ինչ-որ պահի դուրս է գալիս այդ համակարգից, եւ եթե այս կանխավարկածով նայենք, մի օր բոլորս էլ դառնալու ենք նախկին, նախկին պաշտոնյայի երեխա։ Ինչ վերաբերում է քրեական վարույթներին, ապա դրանցից որեւէ մեկով ուժի մեջ մտած որոշում չկա, եւ ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից, դատական պրոցեսը կվերջանա, կխոսենք։
– Ընդունենք, թե խորհրդարանը ձեւավորվեց, դուք ինչպիսի՞ ընդդիմություն եք ձեզ պատկերացնում, ռադիկա՞լ, կառուցողակա՞ն, ասենք` նախկին կամ ներկա գործընկերների պես դավաճանության մե՞ջ եք մեղադրելու իշխանություններին, թե՞ այլ առաջնահերթություններ կան ձեր օրակարգում։
– Եկեք սպասենք, թող խորհրդարանը ձեւավորվի, կտեսնեք մեր աշխատանքները, ընդունեք, որ այս պահին խորհրդարանական աշխատանքներ չեն ընթանում։
– Նիստեր են գումարվում, ելույթներ եք ունենում, սա խորհրդարանական աշխատանք չէ՞, թե՞ սպասում եք` ընտրություններն ավարտվեն ղեկավար պաշտոններում…
– Դեռ խորհրդարանի նախագահ, փոխնախագահներ են ընտրվում, երբ ամբողջ ընտրությունները կավարտվեն, կխոսենք։
– Օրինակ, «Հայաստան» դաշինքի ձեր գործընկերները նախորդ գումարման խորհրդարանական աշխատանքների մեկնարկին հայտարարել էին, որ ԱԺ-ն դառնալու է իրենց խրամատը` իշխանությունների դեմ պայքարի համար, եւ իրենց նպատակն իշխանափոխությունն է։
– Եթե խրամատ՝ ապա պատերազմի դաշտում, եւ ես չեմ համեմատի որեւէ գործողություն ռազմական գործողության հետ, բայց միեւնույն ժամանակ այսօրվա առաջնահերթ խնդիրը մեզ համար իշխանափոխությունն է, ցանկացած օրինական հարթակ ծառայեցնելու ենք այդ նպատակին։
– Ձեր խորհրդարանական գործընկերների` մյուս ընդդիմադիր խմբակցության հետ կա՞ համագործակցություն, տպավորություն է, որ լրիվ իրարից անկախ եք գործում, անգամ քվեարկությունների մասնակցության հարցում միասնական չեք։
– Դա իրենց որոշումն է, ես տեղյակ չեմ համագործակցության մասով` կա, թե չկա։
– Իսկ նորմա՞լ է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները կարող են չհամագործակցել իրար հետ։
– Ինձ թվում է` ամեն ուժ իր դիրքորոշումներն ունի, եւ շահերը կարող են համընկնել կամ չհամընկնել։