Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններից առաջ բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հինգշաբթի դեպի ծով կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնել են հարևան երկրները։ Փորձարկումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա համատեղ զորավարժությունների մեկնարկից մի քանի օր առաջ, որոնք Փհենյանը համարում է ներխուժման նախապատրաստություն, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի տվյալներով՝ արձակումը տեղական ժամանակով գրանցվել է մոտ 17:00-ին՝ ԿԺԴՀ-ի արևելյան ափին գտնվող Վոնսան քաղաքի շրջանից։ Հարավկորեական զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունը և համակարգում են գործողություններն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիո Կոիձումին հայտնել է, որ հրթիռն ընկել է Հյուսիսային Կորեայի արևելյան ափամերձ ջրերում և չի հասել ճապոնական տարածք։ Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի կանոնավոր հրթիռային փորձարկումները սպառնալիք են Ճապոնիայի և տարածաշրջանի համար։ Տոկիոն բողոք է ներկայացրել Փհենյանին՝ Պեկինում դիվանագիտական ուղիներով։

Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդն արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտղ «սադրանք» է անվանել և ԿԺԴՀ-ին կոչ է արել դադարեցնել նման գործողությունները։

Սա Հյուսիսային Կորեայի առաջին բալիստիկ փորձարկումն էր հունիսի վերջից ի վեր, երբ Փհենյանը «հատուկ նշանակության» մարտագլխիկով տակտիկական հրթիռ էր փորձարկել։ Այդ փորձարկումներից հետո ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր բանակի «մահաբեր և կործանարար հարձակողական ներուժն» ամրապնդելու անհրաժեշտության մասին։

Այդ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա լայնածավալ զորավարժությունների նախօրեին, որոնք սովորաբար անցկացվում են օգոստոսի երկրորդ կեսին։ Վաշինգտոնը և Սեուլը հայտարարում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն, սակայն Փհենյանը դրանք պարբերաբար գնահատում է որպես ներխուժման փորձ և պատասխանում հրթիռային փորձարկումներով։

Վերջին տարիներին Կիմ Չեն Ընը հատուկ ուշադրություն է դարձնում միջուկային զինանոցի և հրթիռային տեխնոլոգիաների զարգացմանը։ ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները փակուղի են մտել 2019 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ձախողումից հետո։ Փորձագետների գնահատմամբ՝ Փհենյանը ձգտում է հասնել իր՝ որպես միջուկային տերության կարգավիճակի միջազգային ճանաչմանը և հասնել պատժամիջոցների վերացմանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն Հյուսիսային Կորեային արգելում են բալիստիկ հրթիռների արձակումները, սակայն սպառազինության այլ տեսակների, դրանց թվում՝ թևավոր հրթիռների և հրետանային համակարգերի փորձարկումները, ձևականորեն չեն ներառվում այդ սահմանափակումների տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *