«Հրապարակ». Պատժում են ընտրությանը մասնակցելու համար. 3 ամիս պատանդ են պահել Հայաստանում

Ընտրությունների օրը օդանավակայանում լրագրողներից մեկը կարճ հարցազրույց էր վերցրել Հայաստան ժամանած մի քաղաքացուց, որն ասել էր, որ գալիս է ընտրություններին մասնակցելու եւ պատրաստվում է նույն օրը մեկնել Հայաստանից` «կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»:

Այս կարճ տեսանյութն աղմուկ առաջացրեց: Իշխանամետ զանգվածը սկսեց անիծել ու հայհոյել մարդուն, տարբեր հանրային դեմքեր ՍՕՍ հնչեցրին, թե` հասեք, եկել են Հայաստանը դարձնեն Ռուսաստանի գուբերնիա, կոչեր ուղղվեցին իրավապահներին, թե` բռնեք, դատեք: Ոչ ոք չէր հասկանում, թե որն է մարդու մեղքը, եւ ինչու չի կարող ՀՀ քաղաքացին, որն ապրում է Ռուսաստանում, մեկ օրով ժամանել Հայաստան, քվեարկել եւ մեկնել: Աշխարհի շատ պետություններ նույնիսկ արտերկրում են ընտրատեղամասեր բացում, որ իրենց քաղաքացիները մասնակցեն համապետական քվեարկություններին, դուրս չմնան այդ կարեւոր իրադարձությունից: Մեզանում դրսում ապրող հայերին, մանավանդ Ռուսաստանում ապրողներին, իրենց իշխանության թշնամի են համարում, եւ այդ օրերին էլ օրենսդրական փոփոխություն արեցին, որ վերջին 6 ամսում Հայաստանում չապրած մարդիկ զրկվեն քվեարկելու իրավունքից:
Վերադառնանք Ռուսաստանից ժամանած քաղաքացու միջադեպին: Քանի որ ՔՊ-ական իշխանությունը երկիրը կառավարում է համացանցից ստացվող ազդակների ազդեցության ներքո, եւ քանի որ Ռուսաստանը հայտարարվել է թշնամի պետություն, իսկ արեւմտյան երկրներից ժամանելը դատապարտելի չէ, իսկ Ռուսաստանից ժամանելուն այնպես են վերաբերվում, ինչպես չեն վերաբերվում Ադրբեջանից ժամանելուն, ուստի ՀՀ իրավապահներն անմիջապես ձեռնամուխ եղան այդ մարդու հայտնաբերմանը, որը ոչ մի քրեորեն պատժելի արարք չէր կատարել:

Իրավապահ դեսանտ իջեցրին օդանավակայանում, որսացին այդ անձին, որի անունը Հովհաննես Սահակյան է, ձերբակալեցին ու տարան Քննչական կոմիտե: Մեզանում դա այլեւս արտասովոր չէ` անմեղ մարդուն կարող են ձերբակալել, կալանավորել, ամիսներով պահել բանտում, եթե նման հրահանգ է իջեցվել Նիկոլ Փաշինյանից, կամ այդ կալանավորումը կարող է դուր գալ Փաշինյանին:
Հետո տեղեկացանք, որ Հովհաննես Սահակյանին մեղադրանք են առաջադրել, որ նա «իմացել է իշխանության զավթման վերաբերյալ հանցագործության մասին կամ հանցափորձի մասին, սակայն չի հայտնել համապատասխան մարմիններին»: Ապուշությունն ու ապօրինությունը հենց այսպիսին են լինում: Մարդն ընդամենը իր անհանգստությունն է հայտնել, ոչ մի տեղեկատվություն չի տնօրինում, ոչ մի բանի մասին չէր կարող հայտնել իրավապահներին, որովհետեւ հետագա դեպքերը ցույց տվեցին, որ ոչ մի բան էլ չեղավ, բայց նրան մեղադրանք են առաջադրել: Եթե այդ օրը Հովհաննես Սահակյանը հանկարծ գնար ոստիկանություն եւ հաղորդում տար, որ իրեն նման բան է հայտնի, հետագայում, վստահաբար, նա պետք է դատվեր զրպարտության եւ սուտ մատնության համար:
Բայց Սահակյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք առաջադրվեց, այլ նաեւ խափանման միջոց ընտրվեց` Հայաստանից չբացակայելու ստորագրությունը, եւ պարզվում է՝ 3 ամիս անց նա դեռ Հայաստանում է: Ըստ էության, նրան պատանդ են պահել երկրում, թույլ չեն տալիս մեկնել իր բնակության վայրը, իր ընտանիքին միանալ:

Նույնիսկ եթե ելնենք խելագարության կանխավարկածից եւ ենթադրենք, թե իրավապահները սպասել են, որ տեսնեն` «խառնվում է վիճակը», թե՝ ոչ, այսինքն` Հովհաննես Սահակյանն ինչ-որ կոնկրետ ինֆորմացիայի՞ էր տիրապետում եւ պետք է դա հայտներ պատկան մարմիններին, թե` ոչ, ապա ընտրություններից մեկ շաբաթ կամ գոնե մեկ ամիս անց ակնհայտ դարձավ, որ ոչինչ «չի խառնվում», ոչ մի տեղեկություն մարդը չէր կարող հայտնել, ուստի նույնիսկ տեսականորեն Քրեական օրենսգրքի այդ հոդվածը չէր կարող նրան առաջադրվել: Եթե առաջադրվել է, ապա կոպիտ սխալ եւ ապօրինություն են տեղի ունեցել, ուստի մարդուն պետք է ազատել, գործը կարճել եւ թույլ տալ, որ մեկնի երկրից:

Մինչդեռ արդեն շուրջ երեք ամիս է՝ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, սպասում է դատարանի որոշմանը, սակայն որեւէ քննություն չի ընթանում, եւ իրավապահները հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները` ոտնահարելով մարդու տարրական իրավունքները։

Արեգ Մարգարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *