ԱՄՆ-ն ունի զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշարներ, թեև սպառազինության առանձին տեսակներ գտնվում են ավելի պակասուրդային վիճակում, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է CNN-ը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ մի քանի ամիս տևած պատերազմից հետո որոշ տեսակի զինամթերքներ իսկապես դարձել են պակաս հասանելի, սակայն դա չի ազդում երկրի ընդհանուր մարտունակության վրա:
«Մենք ունենք գրեթե անսահմանափակ պաշարներ: Որոշ տեսակների գծով իրավիճակը փոքր-ինչ ավելի լարված է»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով սպառազինությունների գնումների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ Կոնգրեսին ուղղված վարչակազմի հարցման մասին հարցին:
Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ունի պակաս ժամանակակից զինամթերքի զգալի պաշարներ, մինչ պաշտպանական ձեռնարկություններն ավելացնում են Patriot զենիթային հրթիռների և Tomahawk թևավոր հրթիռների արտադրությունը:
«Մենք ունենք որոշակի տեսակի զինամթերքներ, որոնք, հնարավոր է, այնքան էլ ճշգրիտ չեն… այնքան էլ էլիտար չեն»,- հայտարարել է նա:
Ընդ որում, Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է առավել ժամանակակից սպառազինությունների պաշարներին:
«Բայց մենք ունենք նաև զինամթերքի այնպիսի տեսակներ, որոնք շատ հզոր են և շատ արդյունավետ, և դրանց պաշարները մեզ մոտ անսահմանափակ են: Այնպես որ, մենք շատ լավ վիճակում ենք»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է համալրել զինանոցները, քանի որ անհրաժեշտ է պատրաստ լինել հնարավոր նոր հակամարտություններին:
«Մեզ պետք է ավելին ունենալ: Կարող է ծագել ևս ինչ-որ բան, իսկ կարող է և չծագել: Հուսով եմ՝ ուրիշ ոչինչ տեղի չի ունենա: Բայց մենք իսկապես ունենք զինամթերքի հսկայական պաշարներ»,- հայտարարել է Թրամփը: