2025 թվականին Հայաստանում ընդունվել է օրենք Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, և նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։ Այս մասին օգոստոսի 7-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս պետությունների ղեկավարների 2026թ. մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն է հայտնվել երկրի Եվրոպական միություն մտնելու հարցով Հայաստանում հանրաքվեի անցկացման գաղափարին։
«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունում և Եվրոպական միությունում միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ, սակայն նշված օրենքի ընդունման փաստը չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ։
Երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։
Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինեն ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքի։ Եվ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի ԵՄ-ին դիմել Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով, ապա պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու պետության կարգավիճակ։
Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ նշված հարցով հանրաքվե անցկացնելը կլինի ոչ բովանդակային և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք մի հարցի պատասխանը, որն այս պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, թե Հայաստանի քաղաքացիները կընտրեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։
Դա կլինի անհարգալից վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում ոչ լեգիտիմ։
Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին Հայաստանի լեգիտիմ իրավունքը տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու և իր երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու հարցում ճանաչելու համար։
Ավելին, ես նման մոտեցումն օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունը գործոն է, որը կնպաստի ԵԱՏՄ մրցունակության և գրավչության զարգացմանը։
Կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտի, որ այս իմաստով ԵԱՏՄ ներսում աշխատելու բան կա։ Մենք պատրաստ ենք և առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։
Մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ներկա հարաբերություններում չկան որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ ներսում և շրջանակներում մեր հարաբերությունների կարգավիճակին։
Հայաստանը ելնում է նրանից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ ԵԱՏՄ անդամների փոխգործակցությունը երրորդ գործընկեր երկրների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։
Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ անդամ պետությունների իրավահավասարության և փոխշահավետ գործնական համագործակցության հետագա զարգացման օգտին։
ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն մենք կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները և կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։ Հենց դրանում ենք մենք տեսնում վստահության, կայունության և երկարաժամկետ հաջողության հիմքը»,- նշել է Փաշինյանը։