«Հրապարակ». Որ բարձրաձայնել են՝ ի՞նչ, ի՞նչ է դրանից փոխվել

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանն է:

– Ազգային ժողովն օգոստոսի 2-ից հանդես է գալիս նոր կազմով: 9-րդ գումարման խորհրդարանի շուրջ աղմուկը շատ է: Հասարակությունը, կարծես, հոգնել է քաղաքական գզվռտոցներից ու փոխադարձ վիրավորանքներից, եւ ամենուր մարդիկ իրենց հիասթափությունն են հայտնում խորհրդարանի, իշխանության եւ ընդդիմության մասին: Մարդկանց` փոփոխությունների հույսերը չարդարացան, հիմա գալիս է մերժման ու ապատիայի շրջանը: Հետաքրքիր է` Դուք ի՞նչ կարծիք ունեք այս նոր պառլամենտի կազմի մասին:

– Ես մի բանի վրա եմ զարմանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն չհայտնեց խորհրդարանական ընդդիմությանը՝ այս ընտրությունները, նաեւ իր՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելը լեգիտիմացնելու համար: Ինչ վերաբերում է այս խորհրդարանի որակին, թեպետ դեռ շուտ է կոնկրետ կարծիք հայտնելը, սակայն ես կարծում եմ, որ այս խորհրդարանը նախորդից վատն է:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Դե, օրինակ, հինգշաբթի օրվա նիստը վերցնենք: Ոչ մի խոսք օրենքի մասին, միայն փոխադարձ մեղադրանքներ, այսինչի կինն այսքան փող է ստանում, այնինչի ամուսինն այսինչ ավտոմեքենան է քշում, մյուսի սկեսուրն այսքան եկամուտ ունի, եւ այսպես շարունակ: Ոչ մի խոսք օրենքների մասին, այս մարդիկ զբաղված են բացառապես անձնական հաշիվներ պարզելով: Պետական բյուջեից այդքան գումարներ են ստանում եւ զբաղվում են իրենց գործառույթների հետ կապ չունեցող աշխատանքներով: Եթե այս ամենին մեկ բնորոշում տանք, ապա սա համակարգային կոռուպցիա է:

– Ասում եք, որ ընդդիմադիրներն իշխանությանը լեգիտիմացրին, իսկ ի՞նչ կտար ընդդիմադիր զանգվածին, ի վերջո՝ պետությանը, եթե ընդդիմությունը չգնար խորհրդարան, հատկապես որ փողոցն ակտիվ չէ, եւ հանրությունն ակնհայտորեն գոնե այս շրջանում հակված չէ փողոցային պայքարի:

– Ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, որովհետեւ, Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից, եթե այս ընդդիմությունը քաջություն ունենար եւ ստեղծեր խորհրդարանական ճգնաժամ, ապա խորհրդարանը չէր աշխատի, իսկ դրա համար պիտի մանդատներից հրաժարվեին․ ես խիստ կասկածում եմ, որ նման բան կանեն: Չեմ ուզում անուններ տալ, բայց կան մարդիկ, ովքեր ուղղակի մանդատացավով են տառապում, այդ մանդատը նրանցից առնվազն մի քանիսի համար կյանքի իմաստ է: Այո, կան նաեւ ազնիվները, ովքեր տիրապետում են իրավիճակին, սակայն ընդդիմության մեծ մասը չի էլ հասկանում, թե ինչի համար է գնացել խորհրդարան:

– Իսկ իշխանականները հասկանո՞ւմ են, թե ինչի համար են գնացել խորհրդարան: Ի դեպ, այդքան համոզված մի եղեք, որ խորհրդարանական ճգնաժամ կլինի, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի: Հարեւան Վրաստանի օրինակը լրիվ այլ բանի մասին է վկայում:

– Իշխանականներն էլ տեղյակ չեն, նրանց մեջ ընդհանրապես խելքը գլխին մարդ չկա: Ո՞վ է ասում, որ տեղյակ են:

– Բայց, տեսեք, նույն այդ ընդդիմությունն այս 6 օրերի ընթացքում արդեն հասցրել է առանցքային կարեւորություն ունեցող մի քանի հարցի մասին բարձրաձայնել, մասնավորապես` Վեհափառին ԱԺ չհրավիրելու մասին են խոսել եւ այլն:

– Որ բարձրաձայնել են՝ ի՞նչ, ի՞նչ է դրանից փոխվել: Կաթողիկոսը չի գնացել խորհրդարան եւ շատ ճիշտ է արել: Եթե կաթողիկոսը գնար խորհրդարան, լրիվ կհեղինակազրկվեր: Ճիշտ է արել, որ չի գնացել, ես դրա համար իրեն շատ շնորհակալ եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *