
Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների վրա մի շարք հարձակումներ կատարելուց հետո՝ Սեւ ծովով ծովային փոխադրումները գործնականում դադարել են։ Եթե իրավիճակը չփոխվի մինչեւ նոր արտահանումային սեզոնի մեկնարկը, ապա աշխարհը կարող է կանգնել պարենային ճգնաժամի առաջ՝ իր վերլուծական հոդվածում գրում է Foreign Policy-ն։
Համաձայն հրապարակման, ֆորմալ առումով ծովային միջանցքը շարունակում է մնալ բաց, սակայն նավեր ուղարկելու հարցում նավատերերը ռիսկի չեն գնում՝ հրթիռային հարվածների եւ ԱԹՍ-ներով հարձակումների մշտական վտանգի պատճառով։ Դեռ հուլիսի 23-ին Ուկրաինան հայտարարել էր, որ դադարեցնում է ծովային փոխադրումները Մեծ Օդեսայի երեք նավահանգստով։ Ուկրաինական կողմի հայտարարության համաձայն, ռուսական հարվածների հետեւանքով, միայն հուլիսին 57 ուկրաինական կամ արտասահմանյան նավ է վնասվել թե՛ նավահանգիստներում, թե՛ Սեւ ծովի ավազանում։ Արդյունքում ցորենի արտահանումը, Կիեւի ներկայացրած պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել է 1/3-ով։ Ծովային փոխադրումների արժեքն էլ թանկացել է գրեթե երկու անգամ։
Սեւծովյան նավահանգիստները, ըստ հոդվածի, շարունակում են մնալ Ուկրաինայի արտահանումների իրականացման համար առանցքային կարեւորության դարպասները։ Դրանցով է իրականացվում ագրարային սեկտորի արտահանումների գրեթե 90 տոկոսը, ինչպես նաեւ՝ լեռնահանքային եւ մետաղաձուլական արտադրանքի զգալի մասը։ Այդ սեկտորներն ապահովում են Ուկրաինայի արտարժութային եկամուտների 75 տոկոսը։ Այս տարվա դրությամբ, Ուկրաինան արդեն կորցրել է 1,5-3 միլիարդ դոլար։