Սիցիլիայում Էթնա հրաբխի ժայթքումը հանգեցրել է Կատանիայի օդանավակայանում չվերթների ընդունման դադարեցմանը։ Հրաբուխը մթնոլորտ է արտանետել ծուխ և հրաբխային մոխիր, հայտնել է AFP-ն։
«Էթնայի ժայթքման և դրա հետ կապված՝ մթնոլորտ հրաբխային մոխրի արտանետման պատճառով այդ օդային տարածքը փակ է», — հայտնել են Կատանիայի օդանավակայանից։
Բոլոր չվերթների ընդունումը դադարեցվել է մինչև տեղի ժամանակով ժամը 12:00-ն։ Արդեն օդանավակայանում գտնվող ինքնաթիռների մեկնումներն իրականացվում են սովորական ռեժիմով։
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի վեբ-խցիկում, որը հետևում է Էթնայի ակտիվությանը, երևում է ծխի ամպ, որը բարձրանում է հրաբխի գագաթից։
3324 մետր բարձրություն ունեցող Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է և աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Էթնայի շրջանում ժայթքումներ պարբերաբար տեղի են ունենում հարյուր հազարավոր տարիների ընթացքում։
Կատանիայի օդանավակայանը սպասարկում է Սիցիլիայի արևելյան հատվածը։ 2024 թվականին դրանով անցել է մոտ 12 մլն ուղևոր։