Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց, NEWS.am-ին հայտնեց ՔԿ խոսնակը։
Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով։
Ըստ Քննչական կոմիտեի, դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունը խստորեն դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը:
«Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար»,– ասվում է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։