Վիգեն Ավետիսին դատի կտան եւ նրա դեմ դատախազություն կդիմեն

Այսօր քանդակագործ Վիգեն Ավետիսը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ փաստաբան Երեմ Սարգսյանի կողմից նամակ է ստացել իր կողմից «Հայկական ժամանակ»-ի տաղավարում հնչեցված հայտարարությունները հերքելու պահանջով:

Հիշեցնենք, որ քանդակագործը հայտարարել էր, որ Ծառուկյանը տարիներ առաջ ինչ-որ մի քանդակագործի գցել էր առյուծի վանդակը, և քանդակագործը մահացել էր: Ավետիսը չի հիշում, թե ինչ էր այդ քանդակագործի անունը, սակայն վստահ է, որ եղել է նման դեպք:

Մեզ հետ զրույցում նա նաեւ ասաց, որ իրեն այդ մարդու մահվան մասին պատմող անձն էլ է մահացել եւ քննչական մարմիններն իրենք պետք է պարզեն, թե ինչ է եղել:

Իսկ Ծառուկյանի թիմից պնդում են, որ Վիգեն Ավետիսը զրպարտել է Գագիկ Ծառուկյանին, ինչի համար պետք է օրենքի առաջ պատասխան տա` եւ քրեական օրենսգրքով, եւ քաղաքացիական: Վիգեն Ավետիսը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս որևէ վարույթ չի հարուցվել, սակայն Երեմ Սարգսյանը պահանջում է հերքել Ծառուկյանի անունը արատավորող տեղեկությունը. «Չեմ հերքելու որևէ բան, սպասենք դեպքերի զարգացումներին», – ասաց քանդակագործը:

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կարգն է այդպիսին, նախ հերքում են պահանջում, ապա նոր միայն դիմում դատարան: Փաստաբանի խոսքով շատ կարճ ժամանակում դիմելու են դատարան, և քանդակագործ Վիգեն Ավետիսից պատասխան են պահանջելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *