«Հայաստանը իր կամքով չարեց դա․ մենք ստիպեցինք»․ Ալիևի ցինիկ հայտարարությունները

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահորեն և հմտորեն շարժվեցինք դեպի այս նպատակը և արդեն մոտեցել ենք դրան»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ նախօրեին Նախիջևանի ինքնավար հանրապետություն կատարած այցի ժամանակ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Նա հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ավարտի կապակցությամբ ինքը, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ «Փաստորեն, Հայաստանի համար սա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ Աղդամի, Քելբաջարի և Լաչինի (հայկական անվանումները համապատասխանաբար՝ Ակնա, Քարվաճառ և Քաշաթաղ) շրջանները, որոնք այդ ժամանակ դեռևս օկուպացիայի տակ էին (մենք այդ շրջանները ռազմական ճանապարհով չազատագրեցինք), մենք դրանք մեզ վերադարձրեցինք առանց որևէ կրակոց արձակելու։ Բնականաբար, Հայաստանը դա կամավոր չի արել. մենք ստիպել ենք նրանց։ Եթե պատերազմում մեկին ստիպեք, դա նշանակում է, որ մյուս կողմը կապիտուլացվել է։ Այսպիսով, այս եզրույթում որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ փնտրելու կարիք չկա։ Սա պարզապես իրականություն է։ Մենք պետք է իմանանք պատմությունը այնպիսին, ինչպիսին այն կա, և երբեք չպետք է մոռանանք այն, և երբեք չպետք է թույլ տանք, որ նման փորձերը խեղաթյուրեն պատմությունը»,-բարբաջել է Բաքվի բռնապետը՝ իրականում ինքը խեղաթյուրելով պատմությունը։

Նա նշել է, թե «այդ ժամանակ՝ նոյեմբերի 9-ին, Շուշիի ազատագրումից (իրականում այն օկուպացնելուց – խմբ․) հետո, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցան եռակողմ բանակցություններ»։ «Ես կտրականապես պնդեցի, որ ստորագրված հայտարարության մեջ պետք է ներառվի Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցք։ Հայկական կողմը դժկամությամբ համաձայնվեց դրան։ Սակայն նրանք քիչ այլընտրանքներ ունեին։ Եթե պատերազմը շարունակվեր, մենք անպայման կորուստներ կունենայինք, բայց Հայաստանի կորուստները շատ ավելի մեծ կլինեին։ Որովհետև նրանց զորքերը, այսպես ասած, շրջապատված էին, և նրանց ոչնչացումը լիովին հնարավոր էր։ Հետևաբար, նույնիսկ առանց ցանկանալու, Հայաստանը համաձայնվեց, և այդ հայտարարությունը հայտնի է. այն պարունակում է հատուկ կետ»․-շարունակել է Ալիևը։ Նրա պնդմամբ, հետագայում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործնական քայլեր չեն ձեռնարկվել։ «Մենք բազմիցս այս հարցը բարձրացրել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ. ժամանակն անցնում է, այս հայտարարությունը և դրա կարևոր մասը չի իրականացվում, և սա անհանդուրժելի է։ Մենք տարբեր ժամանակներում տարբեր արձագանքներ ենք ստացել, և ես չեմ ուզում դրա վրա կանգ առնել։ Փաստն այն է, որ Հայաստանը ամեն կերպ փորձել է հետաձգել այս գործընթացը։ Ռուսական կողմը կամ չէր կարողացել ապահովել դա, կամ կային այլ պատճառներ։ Փաստն այն է, որ մինչև անցյալ տարվա օգոստոսը այս հարցը մնացել էր սառեցված է։ Երբ Միացյալ Նահանգները սկսեց լուծել այս հարցը՝ մոտավորապես անցյալ գարնանը՝ գարնան սկզբին սկսված շփումների արդյունքում, գործընթացն արդեն սկսվել էր։ Նրանք, իհարկե, ձգտում էին նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և հայտարարեցին դա անելու իրենց պատրաստակամության մասին։ Բնականաբար, մենք ունեինք մի քանի կարևոր պայմաններ, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը։ Ի վերջո, 2025 թվականի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում, այս հարցը լուծվեց։ Այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես TRIPP, հաջողությամբ մեկնարկեց։ Վերջերս, երեք օր առաջ, օգոստոսի 8-ին, այս հարցը բարձրացվեց նաև նախագահ Թրամփի հետ զրույցի ժամանակ, և երկու կողմերն էլ ընդգծեցին իրենց վստահությունը, որ այս կարևոր տրանսպորտային նախագիծը անպայման շուտով կիրականացվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *