
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը
Ազգային ժողովի 2026թ. օգոստոսի 11-ի նիստում
Երեկ տիկին Ջուլհակյանը մի ուշագրավ միտք ասաց. «Եթե ժողովուրդը նոր Սահմանադրություն է ուզում, արդյո՞ք պատգամավորները կարող են ընդիմանալ»։ Սա շատ հետաքրքիր ճանապարհային քարտեզ է, բայց դրան դեռ անդրադառնալու առիթներ կունենանք։
Երեկ պարոն Արմեն Խաչատրյանը, ներողություն խնդրելով, ինձ խորհուրդ տվեց։ Պարոն Խաչատրյան, այս ընթացքում ես գուցե 100 եւ ավելի անգամ եղել եմ կալանավայրերում, շփվել եմ տասնյակ ու տասնյակ աշխատակիցների հետ, որոնց բոլորին շատ հարգում եմ։ Նրանք էլ ինձ են հարգում շատ։ Խնդրում եմ՝ ինձ խորհուրդ չտալ։
Տիկին Բաղդասարյան, Նազելի, եթե հիշում ես՝ կամուրջ ես միշտ եմ եղել։
Այժմ բուն թեման, որ, կարծում եմ, ուղիղ վերաբերում է այս պետա-իրավական օրակարգին։
Նախորդ ելույթի ժամանակ խոստացել եմ՝ անում եմ։
Իշխանության բնույթի մասին
Մենք խորհրդարանական համակարգ ունեցող երկիր ենք արդեն 11 տարի։ Ի՞նչ էր ժամանակին ենթադրվում, երբ կատարվում էր այս անցումը։
Մեջբերում եմ՝ կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ։ Հանրապետության նախագահը կլինի վերկուսակցական, անաչառ արբիտր։ Խիստ կնվազի իշխանության անձնավորումը։
Չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջեւ կնպաստի կոլեգիալ կառավարմանը։
Կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը։ Երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ դասական քաղաքական համակարգ։
Պետությունում կբացառվի քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը։ Կլինի իրավունքի գերակայություն, մարդու հիմնական իրավունքները ու ազատությունները կապահովվեն։
Մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումները իմանալ։ Քաղաքական մեծամասնությունը ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներ են, այլ մեր պետության առջեւ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ։
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, համագործակցաբար, ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ, մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների։ Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է։
Արցախի հարցում ստատուս քվոյի պահպանումը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։
Ահա այսպիսին էր նոր սահմանադրական կարգի ընձեռած հնարավորությունների պատկերացումը այն ժամանակ։
Ի՞նչ ունենք այսօր։ Իմ մեջբերումից որեւէ բան կգտնե՞ք այսօրվա իրականությունում, թե՞ ամբողջովին հակառակ պատկերն ունենք։
Պատճառը. փողոցից իշխանության եկած ուժը, ժողովրդի մեծամասնության ոգևորության ու միամտության ինչ-ինչ հաշվարկների արդյունքում, ձևավորեց մեծամասնություն խորհրդարանում, սեփականաշնորհեց գործադիր իշխանությունը և առաջնորդվում է ես եմ պետությունը, ես եմ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունը, ուժային կառույցներն իմ ենթականերն են նարատիվներով:
Ով չի ընդունում խաղի իմ կանոնը, ներքին թշնամի է, հակապետական տարր։ Այստեղից էլ՝ ատելություն, անհանդուրժողականություն, սեփականության իրավունքի բռնաբարում, ընտրության կեղծում, քաղբանտարկյալներ։
Դեռևս 2018-ի սեպտեմբերին եմ մեջբերել՝ «ցանկացած իշխանություն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակ»։
Հայաստանում մեկ մարդու բացարձակ իշխանություն է, այն էլ՝ մի մարդու, ում համար իշխանությունը գերագույն նպատակ է։ Դրանից դուրս նա գոյություն չունի։
Մնացածը՝ պետական կառույցներ, սեփական կուսակցություն, կուսակցականներ դեկորացիաներ են՝ գերնպատակին ծառայող։
Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ կառույցի ղեկավար չենթարկվի քմահաճույք-հրահանգին, գիշերային SMS-ով դուրս կշպրտվի։
Պատկերացնո՞ւմ եք, որ որևէ քպ-ական պատգամավոր, կամ նախարար, կամ պետական պաշտոնյա Փաշինյանին հակադրվի, նրա կարծիքին հակառակ տեսակետ հայտնի։
Սա ներքին կյանքում։ Նույնը՝ արտաքին ճակատում։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ քպ-ական կամ պետական պաշտոնյա մի կծու խոսք ասի Իլհամ Ալիևի հասցեին։ Այն Ալիևի, ով Նիկոլ Փաշինյանին բազմիցս վիրավորել է ամենածաղրալի որակաորումներով։
Հարգելի հայրենակիցներ,
Բայց ե՞րբ է վերջանում ցանկացած իշխանություն կամ ե՞րբ է մոտենում նրա վերջի ժամանակը։
Ես մի չափանիշ գիտեմ՝ երբ այդ իշխանության խոսքն ու գործը, հայտարարածն ու իրականացրածը՝ հակասում են միմյանց։ Որքան խորանում, տեսանելի է դառնում հասարակության համար այդ անջրպետը, նույն արագությամբ վերջն է մոտենում։
Ասել՝ սիրում եմ ձեզ ու ատելություն տարածել, ասել՝ հպարտանում եմ ձեզանով ու մտքում ատել, ասել՝ փառք նահատակներին ու հայրենիքի համար զոհվածների մայրերին քարշ տալ ասֆալտով, հայրերին բանտարկել, ասել՝ ինքնիշխանություն, երբ օկուպացված ես, երբ Բաքվում պատանդներն են, ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո ասել՝ Արցախը Ադրբեջան է եւ բացականչական նշան, ասել՝ ձեռքս կկտրեմ, բայց մի ամբողջ խմբակցություն կտրել, ասել՝ Տիգրան Մուկուչյան, դարձնել Վահագն Հովակիմյան։
Հիմա այդ ընթացքն է, և հուսով եմ՝ երկար չի տևելու։ Ոչինչ հավերժ չէ։
Բայց ո՞րն է մեր նպատակը։ Որ ժամանակի մեջ հարատևի մեր ժողովուրդը ու մեր անկախ պետականությունը։
Ահա թե ինչու նույնիսկ այս անբնական տոտալ իշխանության պայմաններում մենք պարտավոր ենք ձևակերպել, թե ինչպիսի Հայաստան ու ինչպիսի հասարակություն ենք ունենալու այս մղձավանջի ստույգ ավարտից հետո։
Այդ մասին սակայն, ինչպես կասեր ԱԱԾ-ում այսօր վրեժխնդրության զոհ դարձած պարոն Ծառուկյանը, կխոսեմ հաջորդ դասին։