Աշխարհի ավելի քան 40 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան, նախազգուշացրել են խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, որը բխում է բալիստիկ հրթիռների փորձարկումներից՝ առանց նախնական ծանուցումների, հայտնում է DW-ն։ Համատեղ հայտարարության մեջ հնչում է կոչ այն երկրներին, որոնք իրականացնում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի համար նախատեսված բալիստիկ հրթիռների և տիեզերական կրիչ հրթիռների արձակումներ, դրանց մասին նախապես տեղեկացնել՝ առնվազն 24 ժամ առաջ։
Սա հատկապես վերաբերում է միջուկային տերություններին։
Փաստաթղթում ընդգծվում է, որ «կանոնակարգված, թափանցիկ ծանուցման մեխանիզմները» չեն սահմանափակում որևէ երկրի ռազմական զարգացումը կամ օպերատիվ կարիքները, սակայն նվազեցնում են սխալ հաշվարկների ռիսկը, ինչպես նաև «ամրապնդում են վստահությունը և արտացոլում անվտանգության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը»։
Արձակումների մասին ծանուցումները պետք է ներառեն այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են հրթիռի ընդհանուր դասը, արձակման շրջանը և ենթադրվող ուղղությունը։
Հայտարարության մեջ նշվում են Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած «վերջին հրթիռային փորձարկումները», երբ չափանիշները «չեն պահպանվել», սակայն ուղղակիորեն չի նշվում Չինաստանը, որը հուլիսի սկզբին Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում գտնվող ատոմային սուզանավից իրականացրել էր «ռազմավարական հրթիռի» փորձնական արձակում՝ մարտագլխիկի իմիտատորով։