Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում, որը միակ ավտոմոբիլային ուղին է Վրաստանի և Ռուսաստանի միջև, 2 կիլոմետր երկարությամբ կամուրջ կկառուցվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը։

Ըստ գերատեսչության տվյալների՝ կամուրջը կկապի Ստեփանծմինդան և Գվելեթին։ «Գոյություն ունեցող ճանապարհը չէր բավարարում ժամանակակից տարանցիկ մայրուղու ստանդարտին և լրջորեն վնասվել էր, ինչի պատճառով նորոգումը չէր կարող բավարարել անվտանգության և թողունակության պահանջներին, ինչով էլ  պայմանավորված է ճանապարհի այդ հատվածը նորից կառուցելու անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհը կլինի երկկողմանի, 4,5 կիլոմետր երկարությամբ, երկու կամրջով և երկու թունելով։ Ընդ որում, կամուրջներից մեկը կլինի Վրաստանում ամենաերկարը՝ 2 կիլոմետր։

Վարչության տվյալներով՝ արդեն կառուցվել է 460 մետր երկարությամբ մեկ թունել, որտեղ արդեն ընթանում են բարեկարգման աշխատանքները։ Երկրորդ թունելը՝ 846 մետր երկարությամբ, գտնվում է կառուցման փուլում։

Նախագծի արժեքը 215,5 միլիոն լարի է, դրա ավարտը պլանավորված է 2027 թվականին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *