ԱՄՆ-ում դատարանը արգելափակել է ՀԴԲ-ի կենտրոնակայանը տեղափոխելու վերաբերյալ Թրամփի ծրագիրը

ԱՄՆ դաշնային դատարանը արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ՀԴԲ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնի ներկայիս շենքից Ռոնալդ Ռեյգանի անվան դաշնային գրասենյակային համալիր տեղափոխելու ծրագրերը։ Դատարանը վճռել է, որ վարչակազմն ապօրինաբար է հրաժարվել Մերիլենդ նահանգում ՀԴԲ-ի նոր շենքի կառուցման՝ ավելի վաղ հաստատված նախագծից, հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից դաշնային դատավոր նշանակված Թեոդոր Չուանգը վարչակազմի որոշումը ճանաչել է «օրենքին չհամապատասխանող»։ Նա նաև արգելել է իշխանություններին ՀԴԲ-ն տեղափոխել Ռեյգանի անվան շենք, իրականացնել դրա վերակառուցումը բյուրոյի կարիքների համար կամ այդ նպատակով վերահասցեագրել Կոնգրեսի հատկացրած միջոցները։

Վարչակազմի դեմ հայցը ներկայացրել էին Մերիլենդ նահանգն ու Փրինս Ջորջ շրջանը։ Նրանք պահանջում էին պահպանել Գրինբելթ քաղաքում նոր կենտրոնակայանի կառուցման նախագիծը, որն որպես ՀԴԲ-ի տեղակայման վայր էր ընտրվել դեռևս Ջո Բայդենի վարչակազմի օրոք:

«Մերիլենդն ու Փրինս Ջորջ շրջանը ավելի քան տասը տարի աշխատել են ՀԴԲ-ի կենտրոնակայանը ստանալու ուղղությամբ և պարտավորվել են հարյուրավոր միլիոն դոլարներ հատկացնել», — հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Էնթոնի Բրաունը: Նրա խոսքով՝ դատարանի որոշումը ճանապարհ է բացում Գրինբելթի նախագծին վերադառնալու համար:

Թրամփի վարչակազմն անցյալ տարի որոշել էր վերանայել նոր համալիրի կառուցման որոշումը և առաջարկել էր դրա փոխարեն ՀԴԲ-ի կենտրոնակայանի համար վերասարքավորել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Ռոնալդ Ռեյգանի շենքը։

ՀԴԲ-ում հայտարարել են, որ քաղաքական պատճառներով դատարանը «անթույլատրելիորեն միջամտել է» վարչակազմի աշխատանքին: Բյուրոյում ընդգծել են, որ կշարունակեն գերատեսչության գլխավոր գրասենյակի տեղակայման ամենաարդյունավետ տարբերակ փնտրել:

ՀԴԲ-ի ներկայիս կենտրոնակայանը՝ Փենսիլվանիա պողոտայում գտնվող Ջ. Էդգար Հուվերի անվան շենքն է, որը բացվել է 1975 թվականին: Տեղափոխման կողմնակիցները բազմիցս մատնանշել են դրա վատ վիճակը: Շենքը կառուցված է բրուտալիզմի ոճով, իսկ դրա շուրջ տեղադրված են պաշտպանիչ ցանցեր, որոնք թույլ չեն տալիս, որ կոնստրուկցիայի կտորներն ընկնեն անցորդների վրա:

Գրինբելթի հողատարածքն ընտրվել ր Մերիլենդի և Վիրջինիայի միջև անցկացված մրցույթից հետո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *