Երևանում 2 տղամարդ վիճել են, կտրող-ծակող և անհայտ առարկաներով հարվածներ հասցրել իրար․ նրանք հոսպիտալացվել են

Օգոստոսի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուսթավելի փողոցի 29 հասցե, որտեղ տեղի է ունեցել դանակահարություն, և կա 2 վիրավոր, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արտյոմ Մ․-ն և 40-ամյա Կարլեն Մ․-ն, Ռուսթավելի փողոցի 14 հասցեի մոտ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Վիճաբանության ընթացքում Արտյոմ Մ․-ն կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարլեն Մ․-ի ազդրին, իսկ վերջինս անհայտ առարկայով հարվածել է Արտյոմ Մ․-ի գլխին՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Մ․-ն «ԳՈՒՎ», իսկ Կարլեն Մ․-ն՝ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *