…Որ պատերազմ չսկսվի – Հրապարակ

Ես Ռուբեն Ռուբինյանին առաջարկում եմ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին այսուհետ դիմել իր ավազանի անունով, այն է՝ Սամվել Կճոյան, ինչպես նաեւ պահանջում եմ, որ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չվիրավորվի: Ինչ է, պարոն Ռուբինյան, անլուծելի խնդի՞ր առաջադրեցի: Արի, եթե շատ ես ուզում, ավելի ներքեւից գանք: Արագածոտնի մարզի Հովհաննավանքում մի Տեր Արամ ունեիք, որ վաղուց արդեն Տեր էլ չէ: Այդ «անՏեր» մնացածին, պարոն Ռուբինյան, փորձիր անվանել Ստեփան Ասատրյան կամ պարոն Ասատրյան` ինչպես կուզես: Արի տեսնենք՝ այդ կարգալույծ արված անՏեր մնացածը կվիրավորվի՞, թե՞ չի վիրավորվի:
Ի դեպ, դու այնտեղ չէիր, պարոն Ռուբինյան… Ուրեմն այդ տիրացուի «սդաչին», մի քանի իր նման շառլատանների հետեւը գցած, եկել էր Մայր Աթոռ, որ Վեհափառին Վեհարանից հանի: Տիրադավ եպիսկոպոսներին ու Կճոյան Սամվելին էլ «Գազելով» էին բերել: Վերջում բոլորը փախան: Հավաքված ժողովուրդն ընդվզել էր նրանց այդ հանդուգն քայլից ու չհանգստացավ, մինչեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ չեկավ ժողովրդի մոտ: Ախր այնտեղ չէիր, պարոն Ռուբինյան, չես տեսել այդ ամենը եւ այսօր թութակում ես քաղաքական առաջնորդիդ դուրս տված էշությունները: Լավ չի, հեչ լավ չի, մանավանդ որ ԱԺ նախագահի պաշտոնն էլ բոլորովին վերջերս ես ստացել: Դրա գինը, պատահաբար, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան»-ով դիմելը չէ՞: Ճիշտն ասա…

Ուր էր, թե միայն Ռուբեն Ռուբինյանին այս առաքելության համար ԱԺ բերած լինեին: Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ խմբակցություն է լցրել խորհրդարան ու բոլորին պատվիրել՝ գնացեք, ձեզ էշի տեղ դրեք եւ իմ ասածները կրկնեք․ «Ես Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունով կաթողիկոսի չեմ ճանաչում»: Նրանք էլ եկել են եւ, ինչպես տեսնում ենք, ուսապարկի կոչմանը հավատարիմ, կրկնում են դա: Ու, Աստված չանի, ընդդիմադիր պատգամավորն իրենց ներկայությամբ հայտարարի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է: Սմբակներով ելնում են սեղաններին, դմփդմփացնում, սուլում, ոռնում, խանգարում… Սա եք դուք, պարոն Ռուբինյան. ամբողջ խմբակցությունով ո՛չ խելք ունեք, ո՛չ մեղքի զգացում: Բայց սա երկրորդական, ես կասեի՝ նույնիսկ երրորդական հարց է, պարոն Ռուբինյան, այն հարցերի հետ համեմատած, որոնց առջեւ կանգնած է ձեր առաջնորդը:

Երեկ դարձյալ «մեիդը փռել էին»: Այս անգամ ոչ թե Պուտինը կամ Լուկաշենկոն, այլ՝ անձամբ Իլհամ Հեյդարովիչը: Նա մեր ինքնիշխանին նախ «համոզում» էր փակել հայկական ԱԷԿ-ը, ապա ի լուր աշխարհի հայտարարում էր, որ ինքն է TRIPP-ի նախաձեռնողն ու շարժիչ ուժը, որ դա նույն «Զանգեզուրի միջանցքն է», որ կապում է Ադրբեջանի երկու մասերը՝ բուն Ադրբեջանն ու «Նախչվանը»: Իհարկե, խելագարվել կարելի է, բայց Ալիեւի այդ հայտարարություններից հետո սեղան ջարդող իշխանության առաջնորդը լռում է, չգիտի ինչ անել՝ հակադարձե՞լ, թե՞ չլսելու տալ… Բա որ հակադարձի, ու պատերազմ սկսվի՞… Դեռ երեկ, օգոստոսի 8-ի «պատմական արարողության» մեկամյակի կապակցությամբ է հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, վերջ… Բա այս ի՞նչ նոր պահանջներ են դնում՝ դուք ԱԷԿ-ից հրաժարվեք, մենք ձեզ հոսանք կտանք, հրաժարվեք Իրանի հետ ձեռք բերված՝ էլեկտրական հոսանք գազի դիմաց պայմանավորվածություններից, այլապես TRIPP-ից էլ դուրս կշպրտվեք: Անձամբ ես կուզենայի մեր ինքնիշխանից իմանալ՝ Ալիեւի հետ արդեն պայմանավորվածություն կա՞ ԱԷԿ-ը փակելու հարցի շուրջ… Եթե այո, ապա դա ե՞րբ տեղի կունենա՝ ամերիկյան մոդուլային փոքր ատոմակայանների տեղակայումից առա՞ջ, թե՞ հետո…

Հույս չունեմ, թե մեր ինքնիշխանը կփորձի պատասխանել իմ հարցին: Նրա գլուխը հիմա խառն է, ավելի խառը, քան երբեւէ: Նա հո չի՞ մտածել, որ աջուձախ խաբելով մի օր հայտնվելու է այս վիճակում: Ռուսաստանին խաբի, ԵՄ-ին խաբի, սեփական ժողովրդին խաբի… Ալիեւին խաբել, կարծես, չի հաջողվում… Ռուսաստանը, ԵՄ-ն ու ժողովուրդն էլ, կարծես, հասկացել են, որ իրենց խաբել է: Դե եկ ու գլուխ հանիր այս վիճակից: Գերիների հարց, նոր տարածքներ զիջելու հարց, սահմանադրական փոփոխության հարց, քաղբանտարկյալների հարց, ռեպրեսիաների հարց, ապօրինի ունեզրկումների հարց, ինքնագլխության հարց… Այս ամենը թափվել է գլխին, ու պիտի տակից դուրս գա: Իսկ ինչպե՞ս…

Իր արեւին՝ ելքը գտել է. «Սպասեք՝ կաթողիկոսի թեման գցեմ բերանները, թող ծամծմեն, մինչեւ տեսնեմ ինչ է լինելու…»: Ոչինչ էլ չի լինելու, ինքնիշխան ջան: Խայտառակ ես եղել՝ պրծել: Քեզ մնացել է հրաժարական տալ, որ պատերազմ չսկսվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *