Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը քննարկել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վերսկսման պայմանները ռուսական շուկա, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի VII նիստի շրջանակում՝ Ալմաթիում։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունից, մատակարարումների վերականգնման հիմնական պայմանը արտադրանքի անվտանգության ապահովումն ու ԵԱՏՄ պարտադիր պահանջների պահպանումն է։

Ռուսական գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է, որպեսզի հայկական արտադրողները օգտագործեն «սեփական հումք, վերահսկեն պեստիցիդների կիրառումը և ապահովեն մատակարարումների հետագծելիությունը»։

Լուտը «անվերապահ առաջնահերթություն» է անվանել Ռուսաստան մուտք գործող արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։ Ռուսական կողմը նաև հայտարարել է «գործող պահանջների լիարժեք պահպանման և մատակարարվող արտադրանքի անվտանգությունը երաշխավորող ալգորիթմի մշակման անհրաժեշտության» մասին։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը փուլ առ փուլ սահմանափակումներ էր մտցրել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ հայտարարելով դրա որակի և անվտանգության վերաբերյալ դժգոհությունների մասին։ Մայիսի 22-ից արգելվել էին ծաղիկների մատակարարումները, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի։ Հունիսից սահմանափակումները տարածվել էին կորիզավոր և սերմնավոր մշակաբույսերի, խաղողի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի վրա, իսկ հունիսի 12-ից՝ ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի վրա։

Բացի այդ, հունիսի 2-ից կասեցվել էր կենդանի ձկան և ձկնարտադրանքի սերտիֆիկացումը՝ Ռուսաստան արտահանման համար, իսկ հուլիսի 27-ից սահմանափակումներ էին մտցվել Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *