Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել

Աֆղանստանի արևելյան հատվածում մասնավոր տան այգում շուրջ 500 կիլոգրամ քաշ ունեցող չպայթած խորհրդային ավիառումբ է հայտնաբերվել։ Հայտնագործությունը վնասազերծել են սակրավորները, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Կասկածելի առարկան չորեքշաբթի նկատել էր Ղազնի նահանգի Սիր գյուղի մի բնակիչ։ Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի աշխատակիցները և Դանիայի փախստականների խորհրդի ականազերծման մասնագետները։

«500 կիլոգրամ քաշ ունեցող խորհրդային ժամանակաշրջանի ռումբը հայտնաբերվել է, տեղափոխվել լեռնային շրջան և անվտանգ ոչնչացվել», — հայտնել է նահանգային ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Սարհադին։

Խորհրդային զորքերը լքել են Աֆղանստանը 1989 թվականին՝ գրեթե մեկ տասնամյակ տևած ռազմական արշավից հետո, սակայն դրան հաջորդած տասնամյակների հակամարտությունները երկրի ամբողջ տարածքում հսկայական քանակի ականներ և չպայթած զինամթերք են թողել։

ՄԱԿ-ի Ականազերծման ծառայության տվյալներով՝ խորհրդային զորքերի դուրսբերումից ի վեր Աֆղանստանում պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից և ականներից ավելի քան 45 հազար մարդ է զոհվել կամ վիրավորվել։

Միաժամանակ ականազերծման աշխատանքների ծավալները կրճատվում են։ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ականազերծման գործունեության բաժնի ղեկավար Նիկ Պոնդի տվյալներով՝ վերջին երկու տարիների ընթացքում պայթյունավտանգ առարկաներից տարածքների մաքրմամբ զբաղվող խմբերի թիվը կրճատվել է 64%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *