Լեհաստանի հատուկ ծառայությունները կանխել են ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու սպանությունը, որը, իշխանությունների տվյալներով, նախապատրաստվում էր ռուսական կողմի պատվերով։ Դրա մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է Polsat News-ը։
Նա նշել է, որ օգոստոսի 7-ին Ռուսաստանի քաղաքացուն ոստիկանության հետ համատեղ ձերբակալել են Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները։ Ենթադրվող սպանությունը պետք է տեղի ունենար Վարշավայում։
Տուսկը նշել է, որ հնարավոր զոհն ունեցել է երկքաղաքացիություն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի, և «անհարմար էր Պուտինի ռեժիմի տեսանկյունից»։ Վարչապետը շեշտել է, որ մահափորձը կանխելու գործողությունն իրականացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։
«Սա առաջին նման դեպքն է, երբ ինչ-որ մեկը ռուսական պատվերով որոշում է մահափորձ իրականացնել ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի տարածքում՝ հենց Լեհաստանում, Վարշավայում»,- հայտարարել է Տուսկը։
Լեհաստանի հատուկ ծառայությունները համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը հաստատել է ձերբակալությունը։ Նա նշել է, որ ռուսաստանցին «օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ պատրաստում էր ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու սպանությունը»։ Նա հայտնել է նաև, որ գործողությունն իրականացվել է ամերիկյան ծառայությունների հետ համագործակցությամբ։
Տուսկը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է շարունակել նմանատիպ գործողությունները եվրոպական այն երկրների դեմ հիբրիդային պատերազմի շրջանակում, որոնք աջակցում են Ուկրաինային։ «Մենք պետք է ելնենք նրանից, որ Պուտինի ռեժիմը կփորձի վերացնել տարբեր պատճառներով անհարմար մարդկանց աշխարհի տարբեր վայրերում», — ասել է Լեհաստանի վարչապետը։
Նա հավաստիացրել է, որ լեհական ծառայությունները կուժեղացնեն աշխատանքը՝ ապագայում նման փորձերը կանխելու համար։