ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը Պենտագոնից պահանջել է բացատրել USS Abraham Lincoln ավիակրի շուրջ ստեղծված իրավիճակը, որն արդեն ավելի քան 250 օր երկարատև տեղակայման մեջ է և գործում է Իրանի հետ պատերազմի ֆոնին, գրում է BBC News-ը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ նավում շուրջ 5 հազար զինծառայող բախվում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի, ջրամատակարարման և սանտեխնիկայի խնդիրների, փոստի առաքման խափանումների և հոգեբանական վիճակի վատթարացման։ Հաղորդվել է նաև ինքնասպանության փորձերի և զինծառայողների՝ նավից ծով նետվելու մտադրությունների մասին։
Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Բլյումենթալը նամակ է ուղարկել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։ Նա թվարկել է հայտարարված խնդիրների շարքում հիմնական ապրանքների պակասը, ջրի աղտոտվածությունը, սանտեխնիկայի անսարքությունները, զինծառայողների հոգեկան վիճակի վատթարացումը, տախտակամածի վրա անվտանգության խնդիրները, ինչպես նաև փոստային առաքումների և ծանրոցների երկարատև ուշացումները։
Ըստ սենատորի՝ այս հաղորդումները պահանջում են անհապաղ ուշադրություն, սակայն միաժամանակ ավելի լայն հարցադրում են առաջացնում, թե արդյոք ԱՄՆ ռազմածովային ուժերը ի վիճակի են պահպանելու ավիակիրների շահագործման այժմյան տեմպը։
ԱՄՆ ռազմածովային ուժերում հերքել են իրավիճակի վատթարացման մասին հաղորդումները։ Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները նավի վրա ինքնասպանության մտքերի կամ փորձերի վերաբերյալ հաղորդումների թվի աճ չեն արձանագրել։ Ըստ նրա՝ մարտական գործողությունների պատճառով խախտվել են մատակարարման ավանդական երթուղիները, ուստի առաջնահերթությունը տրվում է մարտական խնդիրների կատարման համար անհրաժեշտ մատակարարումներին։
Ռազմածովային ուժերում նաև հայտարարել են, որ անձնակազմը շարունակում է ունենալ մաքուր ջրի, անխափան գործող օդորակման համակարգի և լիարժեք սննդի հասանելիություն։ Մատակարարումները բաշխվում են ըստ առաջնահերթության՝ նախ սննդամթերքը, ապա հիգիենայի միջոցներն ու փոստը։
Հեգսեթը, ելույթ ունենալով Պանամայում, ավիակրի խնդիրների մասին հաղորդումներն անվանել է «լիովին խեղաթյուրված»։ Նա հայտարարել է, որ ռազմական գերատեսչությունը նավերն ու դրանց անձնակազմերին ապահովում է հնարավորինս անհրաժեշտ ամեն ինչով և երախտագիտություն է հայտնել այն նավաստիներին, որոնք երկար ժամանակ անցկացնում են ծովում՝ բարդ պայմաններում։
USS Abraham Lincoln-ը նոյեմբերին լքել էր Սան Դիեգոն՝ նախ ուղևորվելով դեպի Հարավչինական ծով։ Ավելի ուշ այն տեղափոխվել էր Մերձավոր Արևելք՝ փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ հարձակումների մեկնարկից առաջ։ Սկզբում նավի վերադարձը նախատեսվում էր մայիսին, սակայն տեղակայման ժամկետները բազմիցս երկարացվել են։
Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը և CNN-ը հայտնել են, որ ԱՄՆ-ը USS Abraham Lincoln-ը փոխարինելու է մեկ այլ ավիակրով՝ USS George Washington-ով, նախապես ծրագրված ռոտացիայի շրջանակում։ Պենտագոնը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։