Երաշտը Հռոմում մերկացրել է գրեթե 2000 տարվա հնություն ունեցող կամրջի մնացորդները

Հռոմում Տիբր գետում ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով տեսանելի են դարձել հին կամրջի մնացորդները, որը հայտնի է որպես Ներոնի կամուրջ, հաղորդում է Associated Press-ը։

Կառույցը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարից ոչ հեռու և հնում քաղաքի կենտրոնը կապում էր գետի աջ ափի հետ։

Վերջին շաբաթներին Հռոմում գրեթե անձրևներ չեն եղել, ինչի հետևանքով Տիբրի հոսքը զգալիորեն կրճատվել է։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ջրի ծախսը նվազել է վայրկյանում 80 խորանարդ մետրից ցածր՝ ինչը մոտ երկու անգամ պակաս է հուլիսի պատմական միջին ցուցանիշից։

Հռոմի մշակութային ժառանգության վարչության հնագետ Անտոնելլա Բոնինին նշել է, որ կամուրջն ավանդաբար կապում են Ներոն կայսեր հետ։ Հենց այդ շրջանում է հնագույն ժամանակներում գտնվել Ներոնի կրկեսը, որտեղ մահապատժի է ենթարկվել Պետրոս առաքյալը։

Միաժամանակ մասնագետները կարծում են, որ կամուրջը հայտնվել է դեռևս Ներոնի իշխանությունից առաջ։ Բոնինիի կարծիքով՝ դրա կառուցումը կարող էր սկսված լինել Ներոնի հորեղբոր՝ Կալիգուլա կայսեր օրոք, և կառույցն արդեն գոյություն ուներ մեր թվարկության 39 թվականին։

Հռոմի քաղաքացիական պաշտպանության ծառայության ջրային ռեսուրսների կառավարման կենտրոնի համակարգող Ջովաննի Ջիգանտին իրավիճակն անվանել է լուրջ ջրային ճգնաժամ։ Ըստ նրա՝ չնայած ձմռանը բավական առատ տեղումներին, դրան հաջորդել են երկարատև երաշտի շրջաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *