Ինչու են պատերազմներն ավելի լայնամասշտաբ դառնում. գիտնականներն պարզել են կոնֆլիկտների սրման օրինաչափությունները

Պատերազմները հաճախ զգալիորեն ավելի լայնամասշտաբ են լինում, քան ենթադրել էին դրանց մասնակիցները։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի գիտնականների իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սրումը բացառիկ սցենար չէ, այլ զինված հակամարտությունների տարածված առանձնահատկություն է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Գիտնականները վերլուծել են քաղաքացիական և միջպետական պատերազմների դինամիկան, որոնք հիմնականում տեղի են ունեցել 1946–2008 թվականներին։ Որպես ինտենսիվության ցուցանիշ՝ նրանք օգտագործել են տվյալ հակամարտության յուրաքանչյուր տարում մարտերում զոհված զինծառայողների թիվը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ խոշոր քաղաքացիական պատերազմները ժամանակի ընթացքում ավելի հաճախ հակված են թուլանալու, մինչդեռ պետությունների միջև պատերազմներում պահպանվում է հետագա սրման կայուն ռիսկ։

Հեղինակների գնահատմամբ՝ պատերազմի յուրաքանչյուր լրացուցիչ տարին կապված է դրա ինտենսիվության կրկնապատկման մոտ 10% հավանականության և մոտ 1% հավանականության հետ, որ այն կաճի տասնապատիկ։ Ընդ որում, հակամարտության տևողությունն ինքնին չի որոշում դրա հետագա մասշտաբը։ Համեմատաբար փոքր կորուստներով սկսված պատերազմը պարտադիր չէ, որ մնա սահմանափակ, իսկ ի սկզբանե արյունալի հակամարտությունը դատապարտված չէ դառնալու էլ ավելի լայնամասշտաբ։

Գիտնականների կարծիքով՝ գլխավոր դերը հենց սրման մեխանիզմներն են խաղում։ Պատերազմի ընթացքում կարող են հայտնվել նոր դաշնակիցներ, բացվել լրացուցիչ ճակատներ, փոխվել կողմերի նպատակները կամ տապալվել զինադադարը և խաղաղ բանակցությունները։ Յուրաքանչյուր նման շրջադարձ կարող է փոխել մասնակիցների հաշվարկները և գործարկել բռնության նոր փուլ։

Հետազոտողները պատերազմը նկարագրում են որպես անկայուն գործընթաց, որի ընթացքում բռնությունը կարող է ուժեղանալ հետադարձ կապի սկզբունքով․ հակամարտության ինտենսիվության աճը դժվարացնում է նախկին պայմանավորվածությունների իրականացումը, ինչը, իր հերթին, մեծացնում է հետագա սրման հավանականությունը։

«Պատերազմն իր բնույթով անկանխատեսելի է այն սկսվելուց հետո», — նշել է հետազոտության ղեկավար, Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի ինֆորմատիկայի պրոֆեսոր Աարոն Կլաուզետը։ Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, թե այս կամ այն հակամարտությունը կլինի փոքր և կարճատև, հաճախ թերագնահատում են իրական ռիսկերը։

Հետազոտությունը թույլ չի տալիս ճշգրիտ կանխատեսել, թե որքան լայնամասշտաբ կդառնա կոնկրետ պատերազմը։ Սակայն գիտնականները կարծում են, որ սրման օրինաչափությունների ըմբռնումը կարող է օգնել քաղաքական գործիչներին հաշվի առնել լրացուցիչ ռիսկերը ռազմական գործողություններ սկսելու կամ շարունակելու վերաբերյալ որոշումներ ընդունելիս։

Հեղինակները նշում են, որ նման հետազոտությունները հնարավոր են դարձել ավելի մանրամասն տվյալների բազաների ի հայտ գալու շնորհիվ, որոնք թույլ են տալիս հետևել զոհերի թվին ըստ տարիների։ Ապագայում տվյալների վերլուծությունը առանձին մարտական բախումների, ռազմական որոշումների և քաղաքական բանակցությունների մակարդակով կարող է օգնել ավելի լավ հասկանալ, թե հատկապես որ իրադարձություններն են գործարկում սրման ամենավտանգավոր փուլերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *