Փողոցներ, ինտերնետ և շրջապատ․ գիտնականները ուսումնասիրել են դեռահասների հանցավորության գործոնները

21 երկրից ավելի քան 58 հազար դեռահասների մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակների հսկողությունից դուրս չկազմակերպված ազատ ժամանակը կապված է իրավախախտումների և բռնության հետ բախվելու ավելի բարձր հավանականության հետ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։ Գիտնականները շեշտում են, որ դեռահասների հանցավորության կանխարգելումը պետք է հաշվի առնի ոչ միայն հենց դեռահասների վարքագիծը, այլև այն, թե ինչպես են կազմակերպված նրանց առօրյա կյանքը, սոցիալական միջավայրը և շփման ու զարգացման համար անվտանգ հնարավորությունների հասանելիությունը։

Չկազմակերպված ազատ ժամանակ ասելով՝ գիտնականները նկատի ունեն այն ժամանակահատվածները, երբ դեռահասներն ինքնուրույն են որոշում, թե ինչով զբաղվել՝ չմասնակցելով կազմակերպված մարզական, մշակութային կամ կրթական միջոցառումների և չգտնվելով մեծահասակների հսկողության տակ։ Հատկապես կարևոր է եղել տնից դուրս անցկացվող ժամանցը՝ փողոցներում, բակերում և այլ հասարակական վայրերում։

Հետազոտողները նշում են, որ դեռահասների կողմից հանցագործություններին մասնակցության հետ կապված ամենաուժեղ գործոնը եղել է իրավախախտումների հակված հասակակիցների հետ շփումը։ Սակայն չկազմակերպված ազատ ժամանակը զբաղեցրել է երկրորդ տեղը և մնացել է նշանակալի գործոն հետազոտության մեջ ընդգրկված բոլոր երկրներում։ Ամենաանբարենպաստ համադրությունը եղել է նման շրջապատի առկայությունն ու մեծահասակների վերահսկողությունից դուրս անցկացվող մեծ քանակի ժամանակը։

Միջինում տնից դուրս դեռահասների անցկացրած չկազմակերպված ժամանակի 20% կրճատումը կապված է եղել իրավախախտումների տարածվածության 9,6% և դրանց հաճախականության 7,4% նվազման հետ։ Հեղինակները շեշտում են, որ խոսքը վիճակագրական կապի մասին է, ոչ թե այն ապացույցի, թե ազատ ժամանակը ուղղակիորեն առաջացնում է հանցավոր վարքագիծ։

Հետազոտությունն իրականացվել է Դեռահասների շրջանում իրավախախտումների մասին ինքնահաշվետվությունների միջազգային հետազոտության (ISRD) շրջանակում։ Մասնակիցները անանուն կերպով պատասխանել են իրենց կողմից կատարված իրավախախտումների, բռնության դեպքերի և այն փորձի մասին հարցերին, երբ իրենք իրենք են դարձել զոհեր։ Բրազիլիայում հետազոտությանը մասնակցել են 13-ից 17 տարեկան մոտ 1900 դեռահասներ։

Գիտնականներն առանձին ուշադրություն են դարձրել առցանց միջավայրին։ Մասնավորապես աղջիկներն ավելի հաճախ միաժամանակ հայտնվել են թե՛ որպես զոհ, թե՛ որպես ինտերնետում ագրեսիվ վարքագծի մասնակից։ Հետազոտողները դա կապում են նաև այն հանգամանքի հետ, որ ավանդաբար աղջիկների նկատմամբ ծնողական ավելի խիստ վերահսկողությունը թվային միջավայրում գրեթե վերանում է։

Դեռահասները, որոնք միաժամանակ բռնություն են գործադրում և իրենք էլ դառնում դրա զոհը, ցուցադրել են հոգեբանական բարեկեցության խանգարման, ընտանեկան խնդիրների և ուսման դժվարությունների ավելի արտահայտված նշաններ։

Միևնույն ժամանակ հետազոտությունը, հավանաբար, թերագնահատում է խնդրի մասշտաբը․ ընտրանքում չեն ընդգրկվել դպրոցը թողած դեռահասները, ինչպես նաև անչափահասների արդարադատության համակարգում գտնվողները։ Հենց այս խմբերը կարող են լինել առավել խոցելի։

Գիտնականները կարծում են, որ արդյունքները վկայում են ոչ այնքան դեռահասների ազատ ժամանակը պարզապես «զբաղեցնելու» անհրաժեշտության մասին, որքան մատչելի և գրավիչ այլընտրանքների՝ մարզական, մշակութային և կրթական ծրագրերի ստեղծման կարևորության մասին՝ մեծահասակների և սոցիալական մանկավարժների մասնակցությամբ։

Միևնույն ժամանակ թվային ժամանցը պահանջում է առանձին մոտեցում։ Ինտերնետը դեռահասների սոցիալական կյանքի կարևոր մասն է, ուստի առցանց անցկացվող ժամանակն ինքնին չի կարելի համարել հանցավորության գործոն։ Սակայն ուղեկցման և մեդիագրագիտության բացակայությունը կարող է բարձրացնել վտանգավոր բովանդակության, խմբերի և վարքագծի մոդելների հետ շփման հավանականությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *