
Մեղրիում հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Եվ չնայած 2 ամիս դեռ կա ընտրություններին, սակայն մոտ 6 հազար 200 ընտրող ունեցող համայնքում համայնքապետի թեկնածուների պակաս արդեն չի զգացվում: Տեղեկացանք, որ ընտրություններին իրենց թեկնածությունը կառաջադրեն Վարդան Հայրապետյանը` Մեղրիի թիվ 1 դպրոցի ֆինանսական գծով տնօրենը: Նա առաջադրվելու է Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունով:
Կառաջադրվեն նաեւ Մեղրի քաղաքի նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Արմեն Հայրապետյանը, Սերգո Գալստյանը, որն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գնումների բաժնի պետն է եղել, նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանը: Անդրանիկ Հովհաննիսյանը ՔՊ-ին սատարողներից է եղել, սակայն տարաձայնություններ է ունեցել ներկա քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ, եւ ասում են, որ հենց քաղաքապետն է պատճառը եղել, որ նրան հեռացրել են ՔՊ-ից:
«Ուժեղ Հայաստանը» հնարավոր է առաջադրի Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանին: Մենք մի քանի հարց ուղղեցինք ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանին, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին եւ ասում է, որ ամեն բան կանի, որ ներկայիս համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն իրենց համայնքում ձայն չտանի:
– Դուք նախկինում ՔՊ-ին եք սատարել, ի՞նչն է պատճառը, որ հեռացաք կուսակցությունից եւ առաջիկա ընտրություններում ո՞ւմ եք սատարելու:
– Հիմա անկուսակցական եմ, ներկուսակցական հարցեր են եղել, որը նորմալ է: Դեռ պարզ չէ, թե ում կսատարեմ:
– Եթե ՔՊ-ից առաջարկ ստանաք, կհամագործակցե՞ք:
– Չեմ կարող ասել, թե որ կուսակցությանը կսատարեմ, դեռ վաղ է խոսելը, ընտրությունները կմոտենան՝ պարզ կլինի:
– Իսկ Խաչատուր Անդրեասյանի հետ կապված ի՞նչ կասեք, ինչպիսի՞ն են Ձեր եւ համայնքապետի հարաբերությունները:
– Ո՛չ խնդիրներ կան, ո՛չ էլ որեւէ հարաբերություն կա, մենք իրար հետ կապ չունենք: Կարծում եմ՝ տարբեր հարցերում թերանում է, դրա համար հանձն եմ առել իմ թեկնածությունը դնել: Ընտրությունները ցույց կտան, թե որքանով են բնակիչները համակրում քաղաքապետին: Բայց որքանով ես եմ տեղյակ, նա այնքան էլ մեծ համակրանք չի վայելում: Անցած ընտրություններին՝ 2021 թվականին, 12 տոկոս արդյունք է ապահովել, տեսնենք՝ հիմա ՔՊ-ին որքան արդյունք կապահովի: Իսկ ամենաառաջինը՝ ամեն մեկս մեր արդյունքների մասին պետք է անհանգստանանք: