Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին Քեշմ կղզու ափերի նավթային աղտոտումը կապել է տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ագրեսիայի հետևանքների հետ, հայտնել է Tasnim-ը։
«Քեշմ կղզու ափերի նավթային աղտոտումը պայմանավորված է տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ագրեսիայի հետևանքներով»,- գրել է նա X սոցցանցում։
Նա հավելել է, որ Իրանի՝ Պարսից ծոցի ափերի էկոլոգիական համակարգին հասցված նման վնասը ևս մեկ անգամ ընդգծում է այնպիսի մեխանիզմի ստեղծման և գործարկման անհրաժեշտությունը, որն Իրանին՝ որպես առափնյա պետության, հնարավորություն կտա կառավարել Հորմուզի նեղուցը։
Այս հայտարարությունը հաջորդել էր Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության հաղորդագրությանն այն մասին, որ նավթային աղտոտումից հետո սկսվել են Քեշմ և Հենգամ կղզիների հարավային ափերի մաքրման աշխատանքները։
Գերատեսչության ղեկավար Շինա Անսարին հայտնել է, որ աղտոտումը դարձել է Իրանի առափնյա և ծովային էկոհամակարգերի դեմ ագրեսիայի ակնհայտ դրսևորումներից մեկը։ Նրա խոսքով՝ բնապահպանական ծառայությունները գործադիր մարմինների և տեղի համայնքների հետ համագործակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացնում, Սուզայի շրջանի առափնյա գոտու մի մասն արդեն մաքրվել է։
Իրանի պաշտոնատար անձինք նաև զգուշացրել են Պարսից և Օմանի ծոցերի համար ավելի լայնածավալ բնապահպանական վնասի մասին։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանության հարցերը պետք է ներառվեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ ցանկացած ապագա պայմանավորվածության մեջ։ Նա նշել է, որ նախնական տվյալները որպես Քեշմի մոտ աղտոտման աղբյուր մատնանշում են օտարերկրյա նավի մասին, որը հայտնաբերվել է մի քանի առափնյա կետերում և ծովային հատվածներում։
Բաղային հայտնել է, որ այս միջադեպը միայն ավելի լայն աղտոտման ակնառու օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ազդում է Պարսից և Օմանի ծոցերի վրա և վնասում Իրանի առափնյա էկոհամակարգերը։ Նա հավելել է, որ նրանք, ովքեր շահույթ են ստանում Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունից, կրում են իրավական և բարոյական պատասխանատվություն տարածաշրջանում բնապահպանական վնասի վերացմանն աջակցելու համար։