Թրամփի վարչակազմը մասնավոր ընկերություններին ներգրավում է արտասահմանյան կիբռրհանցագործների դեմ կիբռրհարձակումներ իրականացնելու գործում։ Փորձագետները սա անվանում են քաղաքականության լուրջ փոփոխություն, որը, նրանց կարծիքով, կարող է իրավական ռիսկեր առաջացնել հենց ընկերությունների համար, հաղորդել է CNN-ը։
Այս քայլը ստուգում անցած ընկերություններին առանցքային դեր է վերապահում կոտրման գործողություններում, որոնք պատմականորեն գտնվել են ԱՄՆ իրավապահ մարմինների, հետախուզական և ռազմական գերատեսչությունների իրավասության ներքո։
Թրամփի հուշագրի համաձայն՝ ընկերությունները կարող են կիբեռգործիքներ օգտագործել օտարերկրյա հանցագործներին վերահսկելու և նրանց ցանցերը շարքից հանելու համար՝ նոր դաշնային ծրագրի «վերահսկողության և հսկողության» ներքո։
Ծրագրի նպատակն արտասահմանյան հանցավոր խմբավորումներին պատժելն է, որոնք ամեն տարի միլիարդավոր վնասներ են հասցնում ամերիկացիներին։ Ծրագրի պատասխանատվության շրջանակում ներառված են օտարերկրյա հանցավոր խմբավորումները, ոչ թե կառավարությունները։
«Ամերիկյան բիզնեսի նորարարական ներուժը պատմականորեն թերի է օգտագործվել կիբեռտարածքում գործող հանցավոր ցանցերի բացահայտման և չեզոքացման ջանքերում», — նշվել է հուշագրում։
ԱՄՆ կառավարությունն արդեն իրականացնում է արտասահմանյան օբյեկտների դեմ լայնածավալ կիբեռկոտրման գործունեություն։
«Գլխավոր ռիսկն այն է, որ ի վերջո մենք կստանանք կիբեռկորսարների բազմություն, որոնք կգործեն առանց հստակ համակարգման կամ դաշնային մակարդակով ղեկավարության», — հայտնել է Կիբեռհրամանատարությունում ԱՄՆ բանակի նախկին սպա Էնդրյու Շոկան։
Շոկայի խոսքով, որին մեջբերել է CNN-ը, կիբեռգործողությունների ընթացքում դեկոնֆլիկտինգը (գործողությունների համաձայնեցումը) «արդեն ինքնին լուրջ խնդիր է դաշնային գերատեսչությունների համար, բայց այժմ դրան ավելանում է մասնավոր հատվածի ընկերությունների հետ փոխգործակցության բարդությունը, որոնք ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ և արագություն»։
Կիբեռհրամանատարության ներկայացուցիչը նշել է, որ նոր հուշագրում հստակ սահմանված չէ կիբեռգործողությունների ընթացքում ամերիկացի քաղաքացիների քաղաքացիական ազատությունների պահպանման ապահովման գործընթացը։
«Չկա հստակ վերահսկողության կամ անանուն քաղաքական նշանակվածների կողմից ընդունվող որոշումների վերանայման գործընթաց, — ընդգծել է Շոկան։ — [Հուշագրի] պաշտպանները կասեն, որ այն, միևնույն է, պահանջում է գործունեության սահմանափակում արդարադատության նախարարության և ներքին անվտանգության նախարարության լիազորություններով։ Բայց այս հրամանագիրը պատասխանատվությունը դնում է ընկերությունների ուսերին»։