ՌԴ քաղաքացի հայերի շրջանում աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հետաքրքրությունը․ ՆԳՆ

«Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է նաև տարանցիկ և միգրանտներ ընդունող երկրի։ Այդ միտումը պահպանվում է և նույնիսկ թափ է հավաքում»,- ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։

«2025 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը։ Սա Հայաստանի պատմության ընթացքում արձանագրված առավելագույն ցուցանիշն է։ Դրան նախորդած երկու տարիներին դիմումների թիվը գերազանցել է 20 հազարը, իսկ ավելի վաղ տարիներին միջինում կազմել է 7-8 հազար»,- նշել է Ղազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմող Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը ազգությամբ հայ է։

«Այսինքն՝ այս միտումը հիմնականում առնչվում է մեր սփյուռքին»,- ասել է նա։

Ղազարյանի խոսքով՝ որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիությունն օգտագործվում է պարզապես ճանապարհորդական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով։

«Եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի պահանջներ կան, ապա այդ պահանջները զրոյական են, այսինքն՝ որևէ պահանջ չկա»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *