«Գերօրինական» ընտրություններ, «գերլեգիտիմ» իշխանություն – Հրապարակ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է 2018-ի իշխանափոխությունից հետո անցկացված ընտրությունները համարել լեգիտիմ: Ու դա հիմնավորելու համար հերթական անգամ հղում է անում հետընտրական զարգացումների բացակայությանը, ինչը կրկին կեղծիք է, քանի որ, բացառությամբ 2018-ի ԱԺ-ի էյֆորիկ ընտրության, 2020-ից այս կողմ անընդհատ շարժումներ են ծավալվել Հայաստանում: Ուղղակի այդ շարժումները (Հայրենիքի փրկության, Դիմադրությա», «Տավուշը՝ հանուն հայրենիքի») զուտ հետընտրական չէին:

Եվ, բնականաբար, չէին կարող լինել: Հաշվի առնենք 44-օրյա պատերազմում «չշշկռվելիքի» հրամանատարությամբ մեր խայտառակ պարտությունը: Որովհետեւ առաջին պլան էր մղվում ոչ թե Ազգային ժողովի ընտրության վիճարկման, այլ վարչապետի պաշտոնին սոսնձված անձի հեռացման հանգամանքը: Այնպես որ, հայտարարել, թե գործող իշխանությունը լեգիտիմ է, քանի որ հետընտրական շարժումներ չեն եղել, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Որպես մեծ կեղծիք՝ այն միտված է կիսագրագետ զանգվածին մանիպուլացնելուն, ինչպես նաեւ՝ եվրոպացիներին հիմարի տեղ դնելուն, քանի որ նրանք դեմ չեն այդ դերակատարմանը:
Երկրորդ․ նախկինում հանգիստ կարող էինք փողոց դուրս գալ ու ծեծվել ոստիկանների կամ օլիգարխների թիկնապահների կողմից: 2020-ից այս կողմ օլիգարխների թիկնապահները դուրս մղվեցին պատմական թատերաբեմից: Բայց մի շտապեք դա համարել ժողովրդավարության ցուցիչ: Քանի որ, նախ, ոստիկանների բռնությունները բավարար են, որպեսզի մի քանի փորձից հետո մարդիկ այլեւս բողոքի դուրս չգան կամ գոնե երկար մտածեն այդ քայլին դիմելուց առաջ: Երրորդ․ «սիրելի ժողովրդի» մասին հոգ տանելով՝ գործող իշխանությունը ներքաղաքական ապօրինի խաղի մեջ է մտցրել քննչական մարմիններին՝ որ պետական կառույցներում էլ դրանք լինեն:
Ո՞րն է հոգ տանելու պահն այդ դասավորության (տվյալ համատեքստում ճշգրիտ բառը ռուսերեն «расклад»-ն է) մեջ՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ. Քննչական կոմիտեն այդ մարդկանց կազատի ծեծվելուց՝ նախօրոք մեկուսացնելով նրանց: Ճիշտ է, դա տեղի կունենա ԱԱԾ-ական կամ ոստիկանական նվաստացման շոուով համեմված: Բայց կտեւի ընդամենը մի քանի րոպե՝ իրավապահների կամերաների օբյեկտիվի ներքո, եւ վերջ՝ առանց ցավի ու մարմնային վերքերի կամ ներքին օրգանների վնասների: Իսկ քննչականում արդեն անձանց շատ ավելի քաղաքակիրթ վերաբերմունք կցուցաբերվի, քանի որ կլինեն օբյեկտիվի աչքից դուրս: Դե հիմա մտածեք, թե որն է ավելի ընդունելին՝ առաջի՞նը, թե՞ երկրորդը…

Վերադառնալով հետընտրական զարգացումների բացակայության թեմային՝ արձանագրենք, որ 2026-ի հունիսի 7-ի ընտրությունն իսկապես աննախադեպ ու բացառիկ էր, քանի որ, նախ, Հայաստանում երբեք չէր պատահել, որ գրչի մեկ շարժումով մի ողջ խմբակցություն զրկվեր Ազգային ժողովում ներկայացված լինելու սահմանադրական իրավունքից: Այդ պատճառով այդ իրողությունը ե՛ւ բացառիկ էր, ե՛ւ աննախադեպ: Երբեմն թվում է, թե մարդիկ կարկամեցին՝ շշմած նման կարգի ապօրինությունից, ու այդ պատճառով էլ դուրս չեկան փողոց՝ բողոքելու, ինչը հիմք տվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հայտարարելու, թե ձեւավորվել է օրինական եւ լեգիտիմ իշխանություն:

Բայց հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ օրենքի վրա թքած ունենալու հանգամանքը (թեկուզ վարչական դատարանի որոշումը չկատարելու առումով), մի կողմից… Եվ քննչական կոմիտեի կողմից ընտրակաշառք բաժանելու եւ ստանալու անվան ներքո ընդդիմադիր ակտիվիստների ու շարքային ընտրողների ձերբակալություններն ու «գերանկախ» դատարանների կողմից կալանավորումները՝ մյուս կողմից… Հաշվի առնելով դա՝ հունիսի 7-ի ընտրություններն իրավացիորեն կարելի է համարել «գերօրինական», իսկ դրանց միջոցով ձեւավորված իշխանությունը՝ «գերլեգիտիմ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *