Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրում տեղի ունեցած հոսանքահարման դեպքից սթրես տարած 14–ամյա տղան Մարտունու բժշկական կենտրոնի ընդունարանում բուժօգնություն է ստացել, կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, վիճակը գնահատվել է բավարար, նույն օրը բուժհաստատությունից դուրս է գրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։ Մահացածը Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչ է, որը նույն օրը արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։
Մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 հոգի։ Պարզվել է, որ նա նույն բնակավայրի 14-ամյա բնակիչ է։ Ըստ նախնական տվյալների՝ երեխան գտնվել է դեպքի վայրում և ականատես լինելով տեղի ունեցածին՝ սթրես է տարել։ Բժիշկների հավաստմամբ՝ նա նույնպես հոսանքահարման նշաններ է ունեցել։