
Ազգային ժողովի հենց առաջին նիստից արդեն երևում էր, որ թիրախում Էդգար Ղազարյանն է։ Այդ մասին դեռ այն ժամանակ գրել էի՝ «Բեսամթ կուլտուրական» ՔՊ-ն Էդգար է գզում…» վերնագրով։ Այսինքն՝ ամեն ինչ սկզբից էլ բավական տեսանելի էր։ Պետք չէ քաղաքական գիտությունների դոկտոր լինել՝ հասկանալու, թե ինչու հենց Էդգար Ղազարյանն է հայտնվել թիրախում։
ԱԺ նախագահի մակարդակով արդեն բաց տեքստով հնչեց, որ Էդգարը ժամանակին իրենց «լավ կպել, քլնգել է»։ Իսկ ՔՊ-ականի քաղաքական բառարանում «իրենց» ասելով, առաջին հերթին, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է նկատի առնվում։
Խոստովանենք՝ Էդգար Ղազարյանի լեզուն սուր է, դիպուկ, իսկ հումորի հարցում էլ Աստված նրան չի խնայել։ Բայց ՔՊ-ի համար ամենացավալին, կարծես, նույնիսկ դա չէ։
Խնդիրն այն է, որ նա փաստերի, օրենքների, քաղաքական հակասությունների ու իշխանության իսկ հայտարարությունների հետ աշխատելու բավական լուրջ զինանոց ունի և այդ ամենը շրմփացնում է ուղիղ երեսներին։ Իսկ երբ դրան գումարվում է օրենքների իմացությունն ու տրամաբանությամբ հակադարձելու կարողությունը, արդեն ստացվում է այնպիսի ընդդիմախոս, որի դեմ սովորական քաղաքական ճառերը չեն աշխատում։
Այստեղ մի փոքր այլաբանությունը տեղին է։ Պատկերացրեք՝ մի մարդ ամբողջ ուժով բուրդ է ծեծում։ Հանկարծ բուրդը շնչավորվում է, վերցնում է նույն այդ ճիպոտն ու շպրտում բուրդ ծեծողի վրա։
Հիմա հասկանալի՞ է, թե ինչու է պետք այդ բուրդը «սահմանազատել»։
Ի դեպ, «սահմանազատել» բառը հենց ՔՊ-ական պատգամավորի շուրթերից հնչեց։ ԱԺ փոխխոսնակից էլ լսեցինք՝ «էվակուացնել», «դուրս շպրտել»։
Բայց դա վիրավորանք չէ։ Դրանք նոր քաղաքական մշակույթի մեջ պարզապես «շոյիչ» արտահայտություններ են։
Հիմա պատկերացրեք՝ շատ շուտով Նիկոլ Փաշինյանն է գալու Ազգային ժողով։ Եվ այստեղ արդեն պետք է ամեն ինչ անել, որ հանկարծ որևէ մեկը չասի՝ «տեղդ ծուխ է, էնտեղ նստի»։ Ու հենց այստեղ այս ամբողջ պատմությունը սկսում է ավելի հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ստանալ։
Իմ գնահատմամբ՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ այս խմբակային հարձակման խորքում իշխանության համար շատ կոնկրետ անհարմարություն կա։ Երբ մեկ մարդու խոսքը կարող է իշխանության համար դառնալ խնդիր, ամենահեշտ ճանապարհը հաճախ ոչ թե այդ խոսքին պատասխանելն է, այլ խոսողին լռեցնելը։
Ուստի տպավորությունն այնպիսին է, որ Էդգարի լեզուն պարզապես չեն քննադատում։ Փորձում են կարճացնել։
Իսկ այստեղ արդեն մի կարևոր հարց է առաջանում․ եթե իշխանությունն իրեն այդքան վստահ է զգում, ինչո՞ւ է մեկ մարդու լեզվից այդքան անհանգստանում։
Որովհետև իսկապես ինքնավստահ իշխանությանը քննադատողի լեզուն կարճացնելու կարիք չի լինում։ Նա պարզապես պատասխանում է՝ փաստերով, օրենքով, քաղաքականությամբ։
Իսկ երբ մի ամբողջ իշխանական մեքենա սկսում է շարժվել մեկ մարդու խոսքի դեմ, դա ուժի ցուցադրություն չէ։ Շատ հաճախ դա նյարդայնության, անհանգստության և վախի ցուցիչ է։
Եվ գուցե այստեղ է ամենակարևոր հարցը։
Իսկ իշխանության տակը ինչ-որ բան կա՞։ Որովհետև եթե տակը ոչինչ չկա, մեկ մարդու սուր խոսքից վախենալու պատճառ չկա։ Կարելի է պարզապես պատասխանել ու անցնել առաջ։
Բայց եթե նույն տեղին դիպչելուց ամբողջ իշխանական համակարգն է սկսում շարժվել, գուցե խնդիրը Էդգար Ղազարյանի լեզուն չէ։
Գուցե խնդիրը հենց այն է, ինչ այդ լեզուն կարող է բացահայտել։
Ու այդ դեպքում հարցը այլևս ոչ թե այն է, թե ինչու են ուզում Էդգարի լեզուն կարճացնել, այլ՝ ինչի՞ց են այդքան վախենում, որ այդ լեզուն ասի։