«Ի՞նչ է նշանակում պաշտպանին ասել՝ «հուպ տուր», դա սազական չի». Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը՝ դատախազին

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ օգոստոսի 14–ին, շարունակվում է Ազատի կացարանում հրդեհի գործով դատաքննությունը։ Այսօր հարցաքննվել է գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։

Նախքան իր խոսքն սկսելը, Եղիշե Հակոբյանը դիմեց դատարանին՝ նշելով. «Պատվարժան դատարան, կներեք էլի, մինչև հարցերին անցնելը, ես պարոն փոխգնդապետին եմ  դիմում,  ես հասկանում եմ, որ ինքը որպես հանրային մեղադրող կամ պաշտոնատար անձ, ես բոլորին եմ հարգում այստեղ ուսադիրներով, ես էլ եմ ուսադիր կրել, բայց ի՞նչ նշանակում ֆռալ, պարոն Նորիկյանի (տուժողների պաշտպան–խմբ) կողմն և ասել՝ «հուպ տուր», դա մի քիչ սազական չի էլի։ Հատկապես հանրային մեղադրող եք դուք, դատախազություն ներկայացուցիչ եք»։

Երբ դատավորն ասաց, որ նման արտահայտություն չի լսել, Եղիշե Հակոբյանը հստակեցրեց, որ ոչ թե ասել է, այլ ժեստով ցույց է տվել. «Ես նկատել եմ, Նորիկյանն էլ ժպիտով ընդունեց դա։ Դե լավ, հուպ տվեք, ի՞նչ ասեմ։ Ես երեխեքին չեմ ուզեցել վնասել»։

Այս խոսքից հետո մի փոքր լարվեց իրավիճակը, դատավորը հանդարտության կոչ արեց ներկաներին։

Նշենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել  վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է  ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *