Մարկո Ռուբիոն Թրամփի վարչակազմում ունի երեք պաշտոնական պաշտոն և ոչ պաշտոնական չորրորդ տիտղոս՝ վիրուսային մեմերի աստղ։
Նրա դեմքը հայտնվել է «Ռուբիոյի գիտակցումը» (Rubio Realizing) ձևաչափի անթիվ պատկերներում, որոնք խմբագրվել են այնպես, որ փոխանցեն նրա մռայլ արձագանքը՝ ըստ օրվա նորությունների կամ Սպիտակ տանը հերթական ճգնաժամի, երբ նրան «նշանակում են» ավելի ու ավելի նոր պաշտոնների։
Մայիսի 28-ին՝ իր 55-ամյակի օրը, Սպիտակ տան աշխատակիցներն ու նախագահ Թրամփը Ռուբիոյին ոսկե շրջանակով կոլաժ են նվիրել՝ կազմված նրա մասնակցությամբ իրենց սիրելի 68 մեմերից, գրում է Axios-ը։
Այդ նվերի լուսանկարը վիրուսային դարձավ, երբ Axios-ի լրագրողը այն հրապարակեց X սոցիալական ցանցում։
Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուբիոյի մասին մեմերում նրան պատկերել են ամենատարբեր կերպարներում՝ Kiss խմբի անդամից և սամուրայից մինչև «Հարսնացուն» (The Bachelorette) շոուի մասնակից։ Այդ ամենը կապված է նրա՝ պետքարտուղարի, ազգային անվտանգության խորհրդականի և Համաշխարհային Expo 2035 ցուցահանդեսը հյուրընկալելու ԱՄՆ հայտի ղեկավարի դերերի հետ։
Մեմերի հիմքում ընկած է Թրամփի օրոք Սպիտակ տան ամենաանհարմար պահերից մեկի լուսանկարը, որն արվել է 2025 թվականի փետրվարի 28-ին, երբ նախագահը և փոխնախագահ Վենսը կոշտ քննադատեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով։
Մինչ երկու ամերիկացի առաջնորդները խիստ քննադատում էին Զելենսկուն, Ռուբիոն ուղիղ մեջքով նստած էր Օվալաձև աշխատասենյակի բազմոցին և որևէ կերպ չէր մասնակցում վիճաբանությանը։
Սոցիալական ցանցերով ներծծված ժամանակակից քաղաքականության մեջ ինտերնետում վիրուսային դառնալն անգնահատելի ռեսուրս է, և այդ բոլոր մեմերը անսպասելիորեն բարձրացրել են Ռուբիոյի ժողովրդականությունը ընտրողների շրջանում, նշում է The Bulwark-ի հրատարակիչ Սառա Լոնգվելը։
«Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ քաղաքական գործչին վերածել են մեմի՝ նրա համար դրական ազդեցությամբ,- հայտարարել է Լոնգվելը Press Box փոդքաստում։- Այն միտքը, որ Մարկո Ռուբիոն սենյակում միակ չափահասն է, մասամբ բխում է այն կատակներից, թե նրան հանձնարարում են բառացիորեն ցանկացած աշխատանք։ Ընտրողները գնալով ավելի հաճախ են սկսում նրան ընկալել որպես մարդ, որը գիտի, թե ինչ է անում։ Նա լուրջ, հասուն մարդ է թվում»։
Միևնույն ժամանակ Ռուբիոն հայտարարել էր, որ մտադիր չէ 2028 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում և կաջակցի Վենսին, եթե նա որոշի առաջադրվել։ Axios-ի աղբյուրները հայտնում են, որ Թրամփը ցանկանում է, որպեսզի Վենսը Ռուբիոյին ընտրի որպես իր գործընկեր, թեև նրանք դեռ լրջորեն չեն քննարկել մրցապայքարը։
Ինչ-որ պահի Թրամփը կատակով (կամ ժամանակավորապես) Ռուբիոյին հանձնել էր ազգային արխիվավարի և USAID-ի ղեկավարի պաշտոնները։ Մայիսին Ռուբիոն ելույթի ժամանակ ինքն էլ կատակեց, որ դեմ չէ ևս մի քանի պաշտոն ստանալ, օրինակ՝ ԱՄՆ գլխավոր վիրաբույժի։
«Ես դա ուզում էի։ Այնտեղ հիանալի համազգեստ են տալիս,- կատակեց նա։- Իսկ Կոնգրեսի գրադարանը պարզապես հիանալի աշխատանք է»։
Այս ամսվա սկզբին Fox News-ի եթերում Լարա Թրամփի շոուին տված հարցազրույցում Ռուբիոն խոստովանել է, որ երբ մեմերի հիմքում ընկած բնօրինակ լուսանկարը նոր էր հայտնվել, ինքն այն «ատում էր»։
«Բանն այն է, որ այդ բազմոցին, եթե մեջքիդ հետևում բարձ չկա, ասես ներս ես ընկնում,- պարզաբանել է նա։- Այդ պատճառով, երբ ես նայեցի լուսանկարներին, մտածեցի՝ սարսափելի է։ Բայց հետո ամեն ինչ վերածվեց ուրիշ բանի, դարձավ նորմալ և զվարճալի։ Ես առանձնապես չեմ հետևում դրան, բայց մարդիկ ինձ ցույց են տալիս այդ նկարները»։