«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետն ընդդիմադիրին քաշել է իր կողմը

Շուրջ մեկ տարի է, ինչ Դիլիջան համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցությունը չի մասնակցում ավագանու նիստերին` բոյկոտում է, քանզի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանն ավագանու ՔՊ-ական անդամների հետ սեփական օրակարգով է առաջնորդվում եւ նիստերից մեկի ժամանակ անձնական վիրավորանք է հասցրել ավագանու ընդդիմադիր անդամներից մեկին։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանն անձնական խնդիրների պատճառաբանությամբ 2025թ․ փետրվարի 18-ին ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամ դադարեցրել է։ Սակայն ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից մեկ անձ մասնակցում է նիստերին եւ միշտ կողմ քվեարկում ՔՊ-ական համայնքապետի ներկայացրած նախագծերին։ Խոսքն Արմենուհի Մայիլյանի մասին է, որին համայնքապետը կարող է քաշել իրենց կողմը։ Դա՝ այն դեպքում, որ Դիլիջան քաղաքի զարգացման, «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծման ու կայացման գործում մեծ դեր ունեցող Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի գտնվում է Ադրբեջանի բանտում, Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Ռ․ Վարդանյանի հետ կապված ընկերություններին եւ չեղարկում է նրա հետ կնքված պայմանագրերը, հետ վերցնում հողերը:

Արմենուհի Մայիլյանին հարցրինք` ի՞նչն է պատճառը, որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը չի մասնակցում ավագանու նիստերին, իսկ ինքը, լինելով այդ խմբակցության անդամ, ոչ միայն մասնակցում է, այլեւ մշտապես կողմ է քվեարկում ՔՊ-ական համայնքապետ Դ․ Սարգսյանի առաջարկներին։ Ա․ Մայիլյանն ասաց՝ այդ հարցն ուղղեք Մանե Թանդիլյանին։ Դիլիջանցիներից տեղեկացանք, որ Արմենուհի Մայիլյանը Դիլիջանում ապօրինի կառուցված անշարժ գույք՝ գարաժ ունի, մարդիկ ենթադրում են` գուցե այն օրինականացնելու նպատակո՞վ է ավագանու նիստերին մասնակցում եւ ՔՊ-ամետ պահվածք դրսեւորում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *