Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 20-ի

Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի։ Փրկարարները շաբաթ օրը շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ ողջ մնացածներին որոնելու համար, հաղորդում է AFP-ն։

7.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի արևելքում գտնվող Ֆլորես կղզու հյուսիսային ափերի մոտ։ Փրկարար ծառայությունների տվյալներով, զոհեր են հայտնաբերվել չորս բնակավայրում։ Եվս վեց մարդ վիրավորվել է, երկուսը մնում են փլատակների տակ։

Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Նագեկեո շրջանում, որն ամենամոտն է էպիկենտրոնին։ Փրկարարական աշխատանքները բարդացնում են սողանքները, որոնք փակել են մի քանի ճանապարհ։

Երկրաշարժից հետո առափնյա շրջանների բնակիչները շտապել են դեպի բարձունքներ. մինչև այդ ծովի մակարդակը նկատելիորեն նահանջել էր, ինչը կարող էր վկայել ցունամիի մոտենալու մասին։ Իշխանությունները հայտարարել էին ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, սակայն մոտավորապես մի քանի ժամ անց այն չեղարկվել է։ Միևնույն ժամանակ բնակչությանը խորհուրդ է տրվել չվերադառնալ վնասված շենքեր՝ շարունակվող ստորգետնյա ցնցումների պատճառով։

Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալության տվյալներով, հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը հասել է 6.1 մագնիտուդի։ Տուժած շրջաններում շարունակվում է ծովի մակարդակի մշտադիտարկումը։

Ականատեսները պատմել են խուճապի և զանգվածային տարհանման մասին։ Մարդիկ լքում էին բնակավայրերը ոտքով, մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով՝ ուղղվելով դեպի բարձունքներ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Էնդե քաղաքից մոտ 68 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ավերածությունների ծավալը դեռ ամբողջությամբ չի պարզվել։

Ինդոնեզիան պարբերաբար բախվում է ուժեղ երկրաշարժերի՝ Խաղաղօվկիանոսյան «կրակե օղակի» գոտում գտնվելու պատճառով։ 1992 թվականին Ֆլորեսի ափերի մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժը առաջացրել էր ցունամի և հանգեցրել մոտ 2.5 հազար մարդու մահվան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *