Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին շաբաթ օրը այցելել է Տոկիոյում գտնվող Յասուկունի տաճար, ինչը կտրուկ արձագանք է առաջացրել Չինաստանի և Հարավային Կորեայի կողմից։ Այս երկրները տաճարը համարում են ճապոնական ռազմական ագրեսիայի խորհրդանիշ և բազմիցս քննադատել են այնտեղ ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը։
Կոիձումին տաճար է այցելել Ճապոնիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի 81-րդ տարելիցի օրը։ Տեղական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում նախարարը պատկերված է մուգ կոստյումով և փողկապով։ Տաճար է այցելել նաև տնտեսական անվտանգության նախարար Կիմի Օնոդան, հայտնել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, որը մինչև անցյալ տարվա հոկտեմբերին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելը բազմիցս այցելել էր Յասուկունի, այս անգամ տաճարին ծիսական ընծա է ուղարկել, հայտնում է Kyodo գործակալությունը։
Չինաստանը կտրուկ դատապարտել է ճապոնական կողմի գործողությունները։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Պեկինը վճռականորեն դատապարտում է Ճապոնիայի բացասական գործողությունները Յասուկունի տաճարի հետ կապված և լուրջ բողոք է հայտնում ճապոնական կողմին, հաղորդում է Синьхуа-ն։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան սանձազերծել է ագրեսիվ պատերազմ և կատարել դաժան ու անմարդկային հանցագործություններ», – հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Յասուկունի տաճարը, լինելով ճապոնական միլիտարիզմի հոգևոր գործիք և խորհրդանիշ, ըստ էության ռազմական հանցագործների տաճար է, քանի որ այնտեղ մեծարվում են «Ա» կարգի դատապարտված 14 ռազմական հանցագործներ, որոնք ագրեսիվ պատերազմի սանձազերծման գլխավոր մեղավորներն են։
Ոչ մի փաստարկ չի կարող թաքցնել ճապոնացի քաղաքական գործիչների իրական մտադրությունները, որոնք կայանում են ռազմական հանցագործների նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը բողոքարկելու, Ճապոնիայի ռազմական հանցագործությունների մեղքը լռության մատնելու, պատմական փաստերը խեղաթյուրելու և արագացված «ռեմիլիտարիզացիայի» ճանապարհ հարթելու մեջ, – հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հարավային Կորեայում նույնպես «խորը ափսոսանք» են հայտնել Կոիձումիի այցի և վարչապետի անունից կատարված ընծայման կապակցությամբ։ Հարավկորեական ԱԳՆ-ում ճապոնացի ղեկավարների գործողություններն անվանել են «անախրոնիկ» և Տոկիոյին կոչ արել դրսևորել «պատմության համեստ իմաստավորում և անկեղծ զղջում»՝ կապված Ճապոնիայի անցյալի գործողությունների հետ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ պատմության հանդեպ նման վերաբերմունքը երկու երկրների միջև վստահելի և ապագային միտված հարաբերությունների կառուցման կարևոր հիմք է։
Յասուկունի տաճարում հավերժացվել է Ճապոնիայի վարած պատերազմներում զոհված մոտ 2,5 մլն մարդու հիշատակը։ Նրանց թվում են 14 ճապոնացի ռազմական և քաղաքական ղեկավարներ, որոնք միջազգային տրիբունալների կողմից դատապարտվել են ամենածանր ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև ավելի քան 1 հազար մարդ, որոնք մեղավոր են ճանաչվել դաշնակիցների դատարանների կողմից 1945 թվականին Ճապոնիայի պարտությունից հետո։
Ճապոնացի պաշտոնյաները ավանդաբար Յասուկունի այցելությունը բացատրում են պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու անձնական ցանկությամբ, այլ ոչ թե ռազմական շրջանի ճապոնական ղեկավարության գործողությունների պաշտոնական գնահատմամբ։
Ճապոնիայի վերջին գործող վարչապետը, որն անձամբ այցելել էր տաճար, Սինձո Աբեն էր՝ 2013 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ այցը հիասթափություն էր առաջացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի մոտ։
Սինձիրո Կոիձումին նախկինում ևս այցելել է Յասուկունի, այդ թվում՝ անցյալ տարի, երբ զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ Տաճար հենց Ճապոնիայի կապիտուլյացիայի տարելիցին այցելած վերջին գործող վարչապետը նրա հայր Ջունիչիրո Կոիձումին էր՝ 2006 թվականին։