Իսպանիայում հետաքննում են 60-ամյա կետադելֆին Թոնիի՝ Ջիբրալթարի նեղուցի պոպուլյացիայի «տատիկի», հնարավոր գնդակահարությունը

Իսպանիայում հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Թոնիի՝ Ջիբրալթարի նեղուցի ամենատարեց կետյադելֆինի, մեջքային լողակի և մեջքի վրա հայտնաբերվել են կարտեչի (որսորդական խոշոր գնդակների) հետքեր, հայտնում է Euronews-ը։

Կենդանու տարիքը գնահատվում է մոտ 60 տարի։ Հետազոտողները Թոնիին անվանում են Ջիբրալթարի նեղուցի և Կադիսի ծոցի միջև բնակվող կետադելֆինների պոպուլյացիայի «տատիկը»։

Այս շաբաթ մասնագետները կետադելֆինի մարմնի վրա հայտնաբերել են մոտ տասնյակ նոր հետքեր։ Բնապահպանական կազմակերպությունների տվյալներով՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ արված լուսանկարներում այս վնասվածքները չեն եղել։

Ահազանգը բարձրացրել է WeWhale բնապահպանական կազմակերպությունը, որի մասնագետները համեմատել են Թոնիի ներկայիս վիճակը նախորդ լուսանկարների հետ։ WeWhale-ի և Iberian Orca Guardians-ի հիմնադիր Յանեկ Անդրեն հայտարարել է, որ մեջքային լողակի և մեջքի վնասվածքների բնույթը կարող է համապատասխանել կարտեչի հարվածի։

Ատլանտյան կետադելֆինների աշխատանքային խումբը նույնպես կատարել է նախնական տեխնիկական գնահատում։ Մասնագետների կարծիքով, վնասվածքները կարող են կապված լինել մոտ 9 մմ տրամաչափի կապարե կարտեչի հետ, որը նման է վարազի որսի փամփուշտներում օգտագործվողին։ Հետազոտողները նշում են, որ նման փամփուշտները կարող են պարունակել ինը խոցող տարր՝ դասավորված երեքական երեք շարքով, և կարծում են, որ Թոնիի մարմնի վրա հետքերի դասավորությունը կարող է համապատասխանել այդ սխեմային։

Իսպանիայի էկոլոգիական անցման և ժողովրդագրական խնդիրների նախարարությունը դեպքի մասին իմացել է օգոստոսի 11-ին՝ WeWhale-ի դիմումից հետո։ Արդեն հաջորդ օրը Կենսաբազմազանության, անտառների և անապատացման գլխավոր վարչությունը սկսել է նախնական հետաքննություն՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Փոխվարչապետ և էկոլոգիական անցման նախարար Սառա Ագեսենը Bluesky-ում հաստատել է, որ կետադելֆինի մարմնի վրա հայտնաբերվել են կարտեչի հարվածին համապատասխանող հետքեր։ Նա ընդգծել է, որ կետադելֆինը պատկանում է խոցելի տեսակներին, ուստի կենդանուն վնաս պատճառելը լուրջ խախտում է։

Հետաքննությանը միացել է նաև CIRCE կազմակերպությունը, որը 1999 թվականից զբաղվում է իբերիական կետադելֆինների գիտական դիտարկմամբ։ Մասնագետներն ունեն Թոնիի ավելի քան 20 տարվա լուսանկարչական արխիվ, ինչը հնարավորություն է տալիս համեմատել ներկայիս վնասվածքները կենդանու նախորդ վիճակի հետ։

Միևնույն ժամանակ, իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել, որ կետադելֆինը գնդակահարվել է։ Վնասվածքների ծագումը պարզելու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել լուսանկարները, համադրել դրանք արխիվային նյութերի հետ և իրականացնել Թոնիի ու նրա խմբի նոր անմիջական դիտարկում։ Կարտեչի հարվածի վարկածը առայժմ մնում է հիմնական աշխատանքային հիպոթեզը։

Ջիբրալթարի նեղուցի և Կադիսի ծոցի կետադելֆինների պոպուլյացիան ընդգրկված է Իսպանիայի անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների կատալոգում և ունի խոցելի կարգավիճակ։ Օրենքն արգելում է սպանել, որսալ, հետապնդել կամ անհանգստացնել նման կենդանիներին։ Բացի այդ, նավերը չպետք է կետադելֆիններին մոտենան 500 մետրից ավելի մոտ, նրանց հետ շփման մեջ մտնեն, կերակրեն նրանց, փակեն նրանց ճանապարհը կամ բաժանեն խմբերը։

Բնապահպանական պահանջները խախտելու դեպքում խախտողներին կարող են սպառնալ մինչև 2 մլն եվրո տուգանքներ, իսկ որոշ դեպքերում նաև քրեական պատասխանատվություն։

2020 թվականից ի վեր Ջիբրալթարի նեղուցի և Կադիսի ծոցի շրջանում հաճախացել են կետադելֆինների ու նավերի փոխազդեցությունները։ Այդ պատճառով Իսպանիայի տրանսպորտի նախարարությունն ու էկոլոգիական անցման նախարարությունը խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում խուսափել ապրիլից օգոստոս այդ շրջանում նավարկելուց։ Կետյադելֆինների հետ հանդիպելիս ծովագնացներին հանձնարարվում է շարժվել դեպի ափ, չձեռնարկել այնպիսի մանևրներ, որոնք կարող են վնաս հասցնել կենդանիներին, և դեպքի մասին հայտնել փրկարար ծառայություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *