Նյու Դելիում բադմինթոնի աշխարհի առաջնությունից առաջ «կապիկներ հմայողների» են վարձել

Նյու Դելիում բադմինթոնի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կազմակերպիչները վարձել են «կապիկներ հմայողների» հատուկ խումբ, որպեսզի բացառեն մակակների հայտնվելը մրցումների ժամանակ, հայտնում է AFP-ն։

Չորս մասնագետ, որոնց թվում է 65-ամյա Նազար Խանը, կվախեցնեն ռեզուս-մակակներին Ինդիրա Գանդիի անվան մարզադաշտից, որտեղ երկուշաբթի կմեկնարկի աշխարհի առաջնությունը։ Դրա համար նրանք նմանակում են լանգուրների՝ փոքր մակակների բնական թշնամիների, ճիչերը։

Մարզադաշտն արդեն հայտնի է նրանով, որ այնտեղ կենդանիները կարող են միջամտել մարզական միջոցառումների ընթացքին։ Հունվարին կայացած India Open-ի ժամանակ կապիկներից մեկը հայտնվել էր տրիբունաներում, իսկ թռչնաղբն ու բներից ընկած աղբը կազմակերպիչներին լրացուցիչ խնդիրներ էին պատճառել։

«Մենք արդեն մի քանի սերունդ զբաղվում ենք այս ընտանեկան գործով։ Սկզբում փողոցներում հանդես էինք գալիս կապիկներով և արջերով, բայց արգելքից հետո ստիպված եղանք եկամուտ ստանալու այլ միջոց փնտրել», — AFP-ին պատմել է Խանը։

Ավելի վաղ Նյու Դելիում մակակներին վախեցնելու համար օգտագործում էին հատուկ վարժեցված սևադեմ լանգուրների։ Սակայն դատարանի որոշումից հետո այդ կենդանիների որսն ու օգտագործումն արգելվեց, ուստի այժմ մասնագետները ապավինում են փորձին և ձայների նմանակմանը։

Խանը հայտնել է, որ մարզադաշտի մոտ այժմ նկատվել են մի քանի կապիկներ, այդ թվում՝ երկուսը խոշոր և պոտենցիալ վտանգավոր։ Մասնագետները հատուկ ձայներ են արձակում, որպեսզի ստիպեն նրանց լքել տարածքը։

Սակայն «հմայողների» աշխատանքը միայն կապիկներով չի սահմանափակվում։ Նրանք նաև որսում և մարզադաշտից դուրս են բերում թափառող շներին՝ փորձելով կենդանիներին վնաս չպատճառել։

Մասնագիտությունը կապված է ռիսկի հետ․ մասնագետները երբեմն կծվածքներ են ստանում։ Խանի եղբորորդին՝ Ֆարյադ Ալին, ցույց է տվել կծվածքների սպիները և պատմել, որ նման դեպքերում սովորաբար վերքը մշակում է չիլիի փոշիով ու վերադառնում աշխատանքի։

Անսովոր այս միջոցը համացանցում ծաղրի առարկա է դարձել, սակայն հնդիկ բադմինթոնիստուհի և օլիմպիական մեդալակիր Պ․ Վ․ Սինդհուն հանդես է եկել դրա պաշտպանությամբ։ Նա Նյու Դելիի «կապիկներ հմայողներին» համեմատել է Ռուֆուս բազեի հետ, որին օգտագործում են Ուիմբլդոնում աղավնիներին վախեցնելու համար։

Կազմակերպիչները նաև այլ միջոցներ են ձեռնարկում։ Մարզադաշտի տանիքի կառուցվածքների և օդափոխության խողովակների վրա քսել են ոչ թունավոր գել, որը խոչընդոտում է աղավնիների հայտնվելուն։

Հնդկաստանի բադմինթոնի ֆեդերացիայի քարտուղար Սանջայ Միշրան հայտարարել է, որ կազմակերպիչներն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թռչուններն ու այլ կենդանիներ չխանգարեն աշխարհի առաջնության անցկացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *