Ֆրանսիական ընտանիքը՝ երկու երեխաներով, ավելի քան 16 ժամ անցկացրել է ծովում այն բանից հետո, երբ նրանց ջրային մոտոցիկլը շրջվել է Թաիլանդի Սամույ կղզու մոտ, հայտնում է AFP-ն։
Հայրը և նրա երկու որդիները՝ հինգ և յոթ տարեկան, փրկվել են և բժշկական զննությունից հետո դուրս գրվել հիվանդանոցից։
50-ամյա տղամարդը հինգշաբթի օրը մոտավորապես ժամը 17:00-ին Սամույ կղզում տեղական օպերատորից վարձել էր ջրային մոտոցիկլ։ Երբ ընտանիքը պայմանավորված ժամին չէր վերադարձել, վարձակալող կողմն այդ մասին տեղեկացրել է փրկարարներին և նահանգային իշխանություններին։
Փրկարարները զբոսաշրջիկներին հայտնաբերել են ուրբաթ օրը մոտավորապես ժամը 10:00-ին։ Տեղական պաշտոնյա Ամորն Չոմչոյի վկայությամբ, երեքն էլ խիստ հյուծված էին և ծովի ջուր էին կուլ տվել։ Հատկապես գունատ էին երևում երեխաները։
Քննիչները պարզում են վթարի պատճառները։ Տեղական իշխանությունների հետ աշխատող թարգմանիչը հայտել է, որ հայրը հայտարարել է, որ ջրային մոտոցիկլ վարելու մեծ փորձ ունի։ Սակայն տեխնիկան վարձակալության տված ընկերության ներկայացուցիչը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ ընտանիքը, ենթադրաբար, դուրս է եկել պայմանագրում նշված թույլատրելի գոտուց։
Փրկարարական գործողության տեսագրությունից երևում է, որ ջրային մոտոցիկլը գրեթե ամբողջությամբ անցել էր ջրի տակ․ մակերևույթի վրա մնացել էր միայն դրա առջևի հատվածը։ Տղաներից մեկը նստած էր կորպուսի վրա, իսկ նրա հայրը ջրի մեջ էր՝ կողքին։ Երկուսն էլ փրկարարական ժիլետներով էին։
Փրկարարները օգնել են երեխային տեղափոխվել մեկ այլ նավակ և ընտանիքին ջուր են տվել։ Փրկությունից հետո զբոսաշրջիկները մնացել են Թաիլանդում և շարունակել իրենց հանգիստը։