Գերմանիայի արևմուտքում գտնվող Այֆել լեռնազանգվածում հրշեջներին հաջողվել է կանգնեցնել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամասի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի հետագա տարածումը։ Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել է Դյուրենի շրջանային վարչակազմի ղեկավար Ռալֆ Նոլտենը, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։
Շաբաթ օրվա գիշերը կատարված ինտենսիվ աշխատանքներից հետո իրավիճակը զգալիորեն կայունացել է։ Անտառի վերևում այլևս չի բարձրանում ծխի հսկայական սյունը, որը տեսանելի էր նախորդ օրերին։ Ըստ Նոլտենի, եթե նախօրեին փրկարարները կրակի դեմ վարում էին «իրական պայքար», ապա այժմ իրավիճակը դարձել է շատ ավելի վերահսկելի։
Հրդեհը ընդգրկել է մոտ 300 հեկտար անտառ, ինչը համադրելի է մոտավորապես 420 ֆուտբոլային դաշտի մակերեսի հետ։ Գործողությանը մասնակցում են արտակարգ ծառայությունների մոտ 1400 աշխատակիցներ և Ազգային ոստիկանության, երկրամասային ոստիկանության ու բունդեսվերի տասը ուղղաթիռներ։ Զինվորականները նաև ստեղծում են լայն հակահրդեհային բացատներ, որպեսզի կանխեն կրակի տարածումը նոր տարածքներ։
Չնայած ձեռք բերված առաջընթացին՝ վտանգը պահպանվում է։ Իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված է եղանակից, իսկ հյուսիսային պոռթկուն քամին կարող է կրկին նպաստել կրակի տարածմանը։ Օգոստոսի 15-ի առավոտյան հրդեհը գտնվում էր տարհանված Գայ շրջանից մոտ 150 մետր հեռավորության վրա, որը մտնում է Հյուրտգենվալդի կազմի մեջ։
Ավելի վաղ Գայից տարհանվել էր մոտ 2000 բնակիչ։ Իշխանություններն առայժմ չեն հայտնում, թե երբ մարդիկ կկարողանան վերադառնալ տուն։
Հրշեջների համար լրացուցիչ սպառնալիք է ներկայացնում այն, որ տարածքի մի մասում կա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած չպայթած ռազմամթերք։ Բացի այդ, օգոստոսի 13-ին այդ շրջանում միաժամանակ արձանագրվել էր հրդեհի երեք օջախ։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի պատճառն առայժմ մնում է անհայտ։
Գերմանիայում հրդեհները տեղի են ունենում ուժեղ շոգի և չոր եղանակի ֆոնին։ Մի շարք շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը, իսկ օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի։ Հարևան Բելգիայում՝ գերմանական սահմանից ոչ հեռու, Հոգե-Վենի բնական արգելոցում անտառային հրդեհն արդեն ոչնչացրել է գրեթե 850 հեկտար տարածք։