
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իր կառավարությունում մի շարք լուրջ վերաձեւումներ կատարել։ Համաձայն Gazete Pencere-ի հրապարակման, հնարավոր է որ իր զբաղեցրած պաշտոնին հրաժեշք տա Արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիխ Քաջըրը։ Պատճառը՝ չինական BYD ավտոհսկայի հետ իրականացվող նախագծի կասեցումն էր։
Նշենք, որ չինական ընկերությունը ցանկանում էր էլեկտրամեքենաների եւ հիբրիդային ավտոմեքենաների գործարան կառուցել Մաինսա նահանգում։ Նախագծի արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար։ Նախագիծը պետք է գործարկվեր այս տարում։ Նրան կփոխարինի Ռազմական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Խալյուք Գյորգյունը։ Էկոլոգիայի ներկայիս նախարար Մուրադ Քուրումն էլ կարող է տեղափոխվել այլ նախարարություն եւ ղեկավարել Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը՝ փոխարինելով այդ պաշտոնին Աբդուլքադիր Ուրալօղլուին։ Դա արվելու է «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացման համար։ Այն պետք է լինի շրջանցիկ ջրանցք՝ Բոսֆորը շրջանցելու համար։ Նախագծի արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար։ Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2011 թվականին, սակայն մինչեւ այժմ որեւէ քայլ չի իրականացվել։ Պատճառը՝ անհրաժեշտ ֆինանսների բացակայությունն է եղել։Իրենց պաշտոններին կարող են հրաժեշտ տալ նաեւ Առեւտրի նախարար Օմեր Բոլաթն ու Երիտասարդության եւ սպորտի նախարար Օսման Աքշըն Բաքը։ Այս նախարարների պաշտոնանկությունների մասով մանրամասներ հայտնի չեն։