ՆԱՏՕ-ի օդային տարածքի պարեկության առաքելությանը մասնակցող իսպանական F-18 կործանիչը խոցել է անօդաչու թռչող սարք, որը ապօրինի մուտք էր գործել Ռումինիայի օդային տարածք, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով, սա արդեն չորրորդ անօդաչու թռչող սարքն է, որն այս տարի խոցել են ռումինացի զինվորականները։ Ռադարը հայտնաբերել է սարքը, որը հարևան Մոլդովայի կողմից մուտք էր գործել Ռումինիայի օդային տարածք՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Գալաց քաղաքից մոտ 24 կմ հյուսիս։
Իսպանական F-18-ը ռադիոլոկացիոն կապ է հաստատել թիրախի հետ և այն խոցելու թույլտվություն ստանալուց հետո տեղական ժամանակով 05:01-ին խոցել է անօդաչու թռչող սարքը։ Ենթադրաբար, բեկորներն ընկել են երկու բնակավայրերի միջև գտնվող անմարդաբնակ տարածքում։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չի հայտնել, թե ում է պատկանել անօդաչու թռչող սարքը։
ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան ունի 614 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման Ուկրաինայի հետ։ Վերջին չորս տարիների ընթացքում ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայում պատերազմի ֆոնին բազմիցս հատել են Ռումինիայի օդային տարածքը։
Հուլիսին ռումինացի օդաչուները F-16-ներով առաջին անգամ միանգամից խոցել են երեք ռուսաստանյան անօդաչու թռչող սարք, որոնք խախտել էին երկրի օդային տարածքը։ Մինչև այդ ռումինական իշխանությունները հայտնել էին նմանատիպ տասնյակ խախտումների մասին։
Այս տարի ավելի վաղ ռուսաստանյան անօդաչու թռչող սարքը Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ ընկել էր Գալացի բնակելի տան վրա, ինչի հետևանքով երկու մարդ էր վիրավորվել։