Բելգիայի հետ սահմանին գտնվող գերմանական Մոնշաու քաղաքում մի քանի թաղամասերի բնակիչներին խնդրել են պատրաստվել հնարավոր տարհանման՝ Հոխես Ֆենի շրջանում խոշոր անտառային հրդեհի պատճառով, հայտնում է Die Welt-ը։
Զգուշացումը վերաբերում է Ռույցխոֆ, Լեյլոխ, Վենհոֆ, Հաուս-Զոնենտաու և Պլատտեֆեն բնակավայրերի բնակիչներին։ Ավելի ուշ ցուցակում ներառվել են նաև Կալտերհերբերգ և Մյուցենիխ շրջանները։ Քաղաքային վարչակազմի տվյալներով, հնարավոր տարհանումը կարող է վերաբերել մոտ 5000 մարդու։
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել պատրաստել անհրաժեշտ իրերը, նախազգուշացնել հարևաններին և առանց անհրաժեշտության չծանրաբեռնել ոստիկանության ու հրշեջների հեռախոսագծերը։ Նրանց, ովքեր նման հնարավորություն ունեն, խորհուրդ է տրվում ժամանակավորապես տեղավորվել հարազատների կամ ընկերների մոտ։ Միևնույն ժամանակ արդեն սկսվել է ժամանակավոր տեղավորման կետերի նախապատրաստումը։
Մոնշաուի վարչակազմում ընդգծել են, որ առայժմ խոսքը կանխարգելիչ միջոցառման մասին է, իսկ փաստացի տարհանման որոշում դեռ չի ընդունվել։
Միաժամանակ բելգիական իշխանությունները կարգադրել են տարհանել մի քանի բնակավայրերի՝ Սուրբրոդտի, Բյութգենբախի, Կյուխելշայդի և Լեյկաուլի բնակիչներին։
Գերմանա-բելգիական սահմանից ոչ հեռու գտնվող Հոխես Ֆենի շրջանում բռնկված հրդեհը դարձել է Բելգիայի պատմության ամենախոշորներից մեկը։ Իշխանությունների տվյալներով, կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 2700 հեկտար անտառ։