Առնվազն 72 մարդ է զոհվել, այդ թվում՝ 18 երեխա Զիմբաբվեի Կարիբա լճում գերբեռնված լաստանավի շրջվելու հետևանքով, հաղորդում է Associated Press-ը։
Լաստանավը խորտակվել է երեքշաբթի օրը՝ ուժեղ ալեկոծության ժամանակ։ Փրկարարները հայտնաբերել են ևս 26 դի, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի։
Վթարային վիճակում գտնվող նավը շարժվում էր Կարիբա քաղաքից դեպի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող հեռավոր գյուղական և ձկնորսական բնակավայրեր։ Այս շրջաններում հասարակական տրանսպորտի պակաս կա, իսկ բազմաթիվ ճանապարհներ վատ վիճակում են։
Նավում գտնվող ուղևորների ստույգ թիվը դեռ հայտնի չէ։ Տարբեր գնահատականներով, նրանց թիվը կարող էր հասնել մինչև 153-ի, թեև լաստանավի հաշվարկային տարողունակությունը 90 ուղևոր էր։ Զիմբաբվեի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնել էր 77 մարդու փրկության մասին։
Սկզբում ոստիկանությունը չէր կարողանում պարզել, թե քանի երեխա է եղել նավում, քանի որ այն երեխաները, որոնք չէին հասել տոմս պահանջող տարիքին, ներառված չէին ուղևորների ցուցակներում։ Ավելի ուշ հրապարակվել է զոհերի ցուցակը․ զոհված 16 երեխաներից բոլորը եղել են 10 տարեկան և ավելի փոքր, իսկ ամենափոքրը ընդամենը մեկ տարեկան էր։
Կարիբա լիճը ձևավորվել է Զամբեզի գետի վրա 1950-ականների վերջին — 1960-ականների սկզբին ամբարտակի կառուցումից հետո։ Այն աշխարհի ամենամեծ ջրամբարն է ջրի ծավալով։ Այն ձգվում է ավելի քան 200 կմ, իսկ որոշ վայրերում լայնությունը հասնում է 40 կմ-ի։ Լիճը բաժանում է Զիմբաբվեն և Զամբիան, իսկ երկրների միջև սահմանն անցնում է դրա միջով։