Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ բռնությունը Արևմտյան ափին

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։

«Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել շարունակվող բռնությունը Արևմտյան ափի պաղեստինյան քաղաքացիական բնակչության դեմ»,- հայտարարել է հովվապետը կիրակնօրյա աղոթքից հետո՝ Հռոմի մերձակա Կաստել Գանդոլֆոյում գտնվող իր նստավայրում։

Լևոն XIV-ը նաև կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերը՝ երկու պետությունների ստեղծման լուծումը առաջ մղելու համար։

«Ես վճռականորեն խնդրում եմ միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների լուծումը առաջ մղելու համար, որը կապահովեր արդար և կայուն խաղաղություն»,- ասել է նա։

Կոչը հնչել է Արևմտյան ափում իրավիճակի սրման ֆոնին։ Մասնավորապես, պաղեստինյան Կուսրա գյուղում իսրայելցի բնակիչները շրջափակել են բնակելի տները՝ ջուրն ու էլեկտրականությունն անջատելուց հետո։ Մարդու իրավունքների կազմակերպությունները տեղի ունեցողը գնահատում են որպես ավելի լայն արշավի մաս, որն ուղղված է պաղեստինյան հողերի զավթմանը և իսրայելական բնակավայրերի հետագա ընդլայնմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *