
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը խորհրդարանում ունեցած ելույթում քննադատեց իշխանությանը՝ անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախկինում հնչեցրած խոստումների չկատարմանը։
«Ձեր ձևավորած կառավարությունն իր խոստումը չի կատարել»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման համատեքստում իշխանության գործողությունները բավարար չեն։
Յոլյանը միաժամանակ հարց բարձրացրեց հարկային քաղաքականության արդարության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու պետք է ամբողջ օրն աշխատող, օրինակ՝ վարսահարդարը բարձր հարկեր վճարի, մինչդեռ իշխանության հետ քաղաքական կապեր ունեցող որոշ գործարարներ կարողանան միլիարդավոր դրամների հարկային արտոնություններ ստանալ։
«Սա անընդունելի է»,- ընդգծեց պատգամավորը։
Նա նաև համեմատեց տարբեր պետական կառույցների և համայնքների ֆինանսական հնարավորությունները։ Յոլյանի խոսքով՝ շուրջ 40 հազար բնակիչ ունեցող համայնքի տարեկան բյուջեն կարող է կազմել ընդամենը 2-3 միլիարդ դրամ, մինչդեռ Ազգային ժողովի բյուջեն հասնում է 6 միլիարդի։
Պատգամավորը հատկապես ընդգծեց պարգևավճարների ծավալը՝ նշելով, որ ընդամենը երեք ամսվա ընթացքում դրանց համար նախատեսվում է շուրջ 5 միլիարդ դրամ։
Յոլյանը հարցականի տակ դրեց նման ծախսերի նպատակահարմարությունը՝ նկատելով, որ սահմանամերձ բնակավայրեր ունեցող համայնքները հաճախ ստիպված են լինում 1,5-3 միլիարդ դրամի սահմաններում բյուջեով լուծել համայնքի պահպանման և բազմաթիվ սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրներ։