Գյումրու հոգևոր զարթոնքը․ Միքայել Սրբազանի պատարագին՝ մարդկանց աննախադեպ հոսք

Երեկ Գյումրիում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, առանձնահատուկ էր ոչ միայն իր հոգևոր խորհրդով, այլև մարդկանց աննախադեպ մասնակցությամբ։

Սուրբ Յոթվերք եկեղեցուն հարակից տարածքը՝ Վարդանանց հրապարակին կից, ամբողջությամբ լցված էր հավատացյալներով։ Նման բազմամարդություն Գյումրիում վերջին տարիներին եկեղեցական արարողությունների ժամանակ հազվադեպ էր նկատվել։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Տոնի օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ընթացքում օրհնվում է խաղողը՝ խորհրդանշելով տարվա բերքն ու բարիքը։

Սակայն երեկվա բազմամարդության գլխավոր առանձնահատկությունը նաև այն էր, որ շուրջ մեկ տարվա դադարից հետո Գյումրու հավատացյալները կրկին հնարավորություն ունեցան ունկնդրելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մատուցած Սուրբ Պատարագն ու քարոզը։

Տնային կալանքի մեջ գտնվող Սրբազանին վերջին շրջանում դատարանը թույլատրել է մասնակցել եկեղեցական արարողությունների և Պատարագ մատուցել։ Նրա՝ Գյումրիում Սուրբ Պատարագ մատուցելու լուրը, սակայն, երեկ եկեղեցու բակում մարդկանց մեծ հոսքով էր ուղեկցվել։

Շատերը եկել էին ոչ միայն Խաղողօրհնեքի արարողությանը մասնակցելու և օրհնված խաղողը տուն տանելու, այլև՝ Միքայել Սրբազանին տեսնելու, նրա մատուցած Պատարագին մասնակցելու և նրա քարոզը լսելու համար։

Մարդկանց հոսքը հատկապես նկատելի էր Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում․ հավատացյալների բազմությունը տարածվել էր մինչև Վարդանանց հրապարակին հարակից հատվածներ։

Երեկվա պատկերը Գյումրիում վերջին շրջանի ամենամարդաշատ եկեղեցական արարողություններից մեկն էր, որը ցույց տվեց, թե

Միքայել Սրբազանի վերադարձը որքան մեծ ու սպասված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *